Home / Առողջապահություն / Զինհաշմանդամին «առողջացնում» են գումար տնտեսելու համար

Զինհաշմանդամին «առողջացնում» են գումար տնտեսելու համար

2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ վիրավորված Հայկ Թորոսյանի հաշմանդամության 1-ին կարգը իջեցրել են և դարձրել 2-րդ։ Epress.am-ի հետ զրույցում Թորոսյանը պատմել է, որ կարգն իջեցնելը պատճառաբանել են, որ նա կազդուրվել է և կարող է որոշ աշխատանք անել։ Հայկի ձախ կողմը, սակայն, ամբողջությամբ թուլացած է, մոտ ժամանակներս նա գլխի բարդ վիարահատության է ենթարկվելու։

Հայկը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 2-ին Ղարաբաղի Մարտակերտի շրջանում։ Չնայած 3 ամսվա ծառայող է եղել, նրան ուղարկել են սահման․ «Այն ժամանակ ես չգիտեի, որ ինձ իրավունք չունեն տանել սահմանագիծ»։

Ղարաբաղում Հայկը վարորդ է եղել։ Երբ տագնապի ազդանշանից հետո զինվորներին տարել են առաջնագիծ, փորձել է թաքցնել զինվորական մեքենան, այդ ժամանակ էլ վիրավորում է ստացել գլխի շրջանում։

«Հրաշքով եմ փրկվել, գրեթե հույս չէին տալիս», – պատմում է Հայկը։ Նա 4 օր անգիտակից վիճակում է եղել։ Չնայած հիմա քայլում է, սակայն ձախ կողմը ընդհանրապես չի զգում․ «Ոնց որ իմ մի մասը չլինի»։

Հայկի խոսքով՝ առաջին կարգ տվել են հիմնականում նրանց, որոնք անդամատված էին․«Ի՞նչ է, պետք է կտրվա՞ծ լինի, որ հավատան»։

Առաջին կարգ ունեցողները ստանում են 91 հազար դրամ, իսկ 2-րդ կարգի դեպքում՝ 74 հազար դրամ։

Երբ երկու տարին լրացել է, Հայկը նորից գնացել է փորձաքննության, որտեղ նրա կարգը իջեցրել են․ «Դե, ասում են՝ արդեն քայլում եմ։ Դա է պատճառը։ Այսինքն՝ շարժունակ եմ։ Թղթերի մեջ էլ գրել են, որ վնասվածքի հետևանքները խիստ արտահայտված չեն։ Ձեռքս ու ոտքս չի աշխատում, ուրեմն կտրվա՞ծ լինեին։ Գրել էին՝ մասնակի ֆիզիկական աշխատանք կարող եմ անել։ Բայց այդպիսի գործը չգիտեմ՝ որն է։ Ասում ես գործ, ասում են՝ զավոդում գնաս զապչաստ դնես աջից ձախ, ձախից աջ։ Բայց տենց գործ Հայաստանում դեռ չեմ հանդիպել»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասել են, որ իջեցրել են չափորոշիչները, դրա համար էլ նրա կարգը ևս փոխվել է։

Թորոսյանի տեղեկություններով՝ ապրիլյանի ժամանակ զինհաշմանդամություն ունեցողներից էլի մարդիկ կան, ում կարգը իջեցրել են․«Մարդիկ կան, որ անգամ առողջ են ճանաչել։ Օրինակ՝ մարդ կա՝ թոքի կեսը չկա ու առողջ են ճանաչել»։