«Արեգակ» վարկային կազմակերպության Էջմիածնի մասնաճյուղի վարկային բաժնի պետ Արսեն Մանուկյանը մոտ 2 տարի առաջ 20-25 հոգու անունով վարկեր է վերցրել իրենց կազմակերպությունից։ Այդ մարդիկ համաձայնություն են տվել այն պայմանով, որ պետք է Մանուկյանն ընթացքում այդ գումարը փակի: Սակայն վերջինս գումարները վերցնել է և մեկնել Մոսկվա: Իսկ գումարների վճարման պարտավորությունը մնացել է մարդկանց վրա։
Armitimes.com-ը գրում է, որ իրավապահները Մանուկյանին հայտնաբերել են և բերելով Հայաստան՝ կալանավորել, սակայն կարճ ժամանակ անց կալանքը փոխվել է ազատ կալանքի (ենթադրաբար, խոսքը բաց ռեժիմի մասին է – Epress.am):
Տուժածների ունեցվածքը գտնվում է կալանքի տակ, սառեցված են նրանց բանկային հաշիվները և մարդիկ հայտնվել են բանկերի սև ցուցակներում։
Բացի վարկառուներից՝ կան նաև երաշխավորներ, որոնցից երկուսը՝ Հարություն Մարգարյանը և Հովհաննես Գրիգորյանը, կայքի հետ զրույցում նշել են, որ տեղյակ չեն եղել, որ երաշխավոր են դարձել: Գրիգորյանի խոսքով՝ այդ ժամանակ ինքն անգամ Հայաստանում չի եղել:
Հարցին, թե ինչու են մարդիկ համաձայնվել, որ իրենց անունով վարկ վերցնեն, Գրիգորյանը պատասխանել է. «Եղել է սկզբում քիչ մարդուց վերցրել է փոքր թվեր, այնուհետեւ վերադարձրել է, մարդիկ օգուտ չեն ունեցել, պարզապես լավություն են ցանկացել անել, քանի որ արդեն վստահություն է կարողացել ձեռք բերել Մանուկյանը»:
Նշենք, որ դեռևս 2016 թվականին Epress.am կայքն անդրադարձել էր Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչների խնդրին։ Նրանք նույնպես «Արեգակ» վարկային կազմակերպության զոհերն էին դարձել։ Գյուղի գրեթե բոլոր բնակիչները միասին 100-ից 130 միլիոն դրամ պարտք ունեին վարկային կազմակերպություններին։ Նպատակային գյուղատնտեսական վարկը բնակիչների անունով վերցրել են գյուղի խանութի սեփականատերեր ամուսինները՝ Ալվարդ Իսկանդարյանը և Արսեն Մնացականյանը։ Բնակիչները պնդում էին՝ «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունների մասնագետներն իմացել են, որ վարկը նպատակային չի օգտագործվելու և գյուղացիներն այն վերցնում են խանութպանների համար։
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մատինյանի 2018 թվականի մարտի 19-ին բավարարել էր Խաչիկ գյուղի բնակիչների հայցերից երեքը՝ վճռելով անվավեր ճանաչել «Արեգակ» վարկային կազմակերպության և Խաչիկի բնակիչներից մի քանիսի միջև կնքած պայմանագրերը։ Նշվել էր, որ «Արեգակ» վարկային կազմակերպությունը կեղծ վարկային պայմանագրեր է կքնել Խաչիկ գյուղի բնակիչների հետ։