Վրացական շինարարական ընկերության առաջարկը ոչ միանշանակ արձագանքների պատճառ է դարձել։ Meti Development-ը գովազդային արշավը, ըստ իրավապաշտպանների, ունի խտրական բնույթ։
«Այն վրացական ընտանիքը, որում մոտակա 12 ամիսների ընթացքում կծնվի նվազագույնը 3-րդ երեխան և որը ձեռք կբերի բնակարան «Էկոսիթի Կրցանիսի» կամ «Էկոսիթի Սամգորի» թաղամասերում, մանկական սենյակ նվեր կստանան»։ Ընկերության այս գրառմանը զուգորդում էր մի պատկեր․ քրիստոնեական տաճար, վրացական դրոշ, կենսուրախ երեխա և գրություն․ «Ազգի ժողովրդագրական աճի համար»։ Եվ հեշթեգներ․ #ավելիշատվրացի, #ավելիշատնորկյանք։
Ընկերությունում, ինչպես հաղորդում է «Эхо Кавказа»-ն, չեն հասկանում, թե ինչու է ակցիան հավաքել այդքան ոչ միանշանակ արձագանքներ։ Ոմանք մեկնաբանություններում փառաբանում էին գաղափարի հեղինակներին, մյուսները զարմանում էին, թե ինչո՞ւ քաղաքացին, ով էթնիկ վրացի չէ, ով աշխատում է և հարկեր վճարում, ծառայել է բանակում և տիրապետում է լեզվին, չի կարող օգտվել նույն իրավունքներից։ Ինչ-որ մեկը անգամ կատակել է, թե նման խտրական վերաբերմունքի կարող էր արժանանալ նույնիսկ Թամար թագուհին՝ ոչ վրացի ամուսին ունենալով հանդերձ։
Ընկերության ղեկավար Շոթա Անդրիաձեն հաստատեց, որ գրառման մեջ սխալ չկա և խոսքը իսկապես էթնիկ վրացիների, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացիություն ունեցողների մասին է։ «Վրացի ասելով նկատի ունենք Վրաստանի քաղաքացուն, վրացուն, այսինքն էթնիկ վրացուն։ Այս ակցիան իր առջև հստակ նպատակ է դնում, որը հենց գրված է գրառման մեջ․ խթանել ժողովրդագրական աճին։ Չեմ հասկանում, թե այդ փաստը ինչո՞ւ է այսպիսի անհանգստության ալիք բարձրացրել։ Կարծում եմ, գիտեք, թե ինչ է նշանակում ժողովրդագրական աճը։ Հետևաբար հարցնում եմ․ դրա մեջ ինչ-որ վատ բան տեսնո՞ւմ եք։ Խորհուրդ եմ տալիս սրա մասին ինչ-որ բան գրելուց առաջ նախապես խորհրդակցել իրավաբանների հետ»։
«Эхо Кавказа»-ի լրագրողը խորհրդակցեց։ Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեկո Ցկինտիշվիլին ասում է, որ շինարարական ընկերության նախաձեռնած ակցիան ունի ազգայնամոլական բնույթ։ «Ինչպե՞ս է ընկերությունը պատրաստվում որոշել այս կամ այն ընտանիքի գենետիկ պատկանելիությունը․ զննե՞լ տոհմածառը, արյան անալիզ անե՞լ, թե՞ նայել ականջախեցուն և գանգի կառուցվածքին։ Խտրականացնող է այն առումով, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացիները միայն էթնիկ վրացիները չեն»։
«Սա խտրականության դասական օրինակ է», – ասել է Ներառության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիթ Միրզոևը։ Դեպքն, ըստ նրա, եզակիներից չէ․ շատ հաճախ են քսենոֆոբ արտահայտությունները արվում հանրային մարդկանց և քաղաքական գործիչների կողմից։ «Ատելության դրսևորումներ, պոպուլիստական և խտրականացնող հայտարարություններ լսում ենք այս նախընտրական եռուզեռի ընթացքում։ Իհարկե, Վրաստանը պատմական տեսանկյունից շատ հետաքրքիր է իր հանդուրժողականությամբ, բայց ունենք այլ իրականություն։ Այն խտրական հայտարարությունները, անհանդուրժողական դրսևորումները, այն խմբավորումները, որոնք, ցավոք սրտի, հայտնվել են մեր քաղաքներում՝ նեոնացիստական և նեոֆաշիստական խմբեր են։ Այստեղ պետք է համալիր մոտեցում, ներառելով և՛ կրթական համակարգը, և՛ Ներքին գործերի նախարարությունը, և՛ հասարակությունը, որը ինքն է պարտավոր խրախուսել և հրահրել այս թեմայի շուրջ քննարկումները»։