Նոյեմբերի 5-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսաստանյան ընկերության հարյուրավոր աշխատակիցներ փակել են Երևան-Շորժա ճանապարհի Ծովագյուղի երկաթգծի հատվածը։ Աշխատողները հայտարարում են, որ եթե չլուծվի իրենց մինչ այժմ տրամադրվող հավելավճարների հարցը, կաթվածահար են անելու երկաթուղու աշխատանքը։ Այս հայտարարությունը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը․ «Հավելավճարների բաշխումը գործում է մեկ մեխանիզմով․ ամեն ամսվա արտադրական ցուցանիշի արդյունքից ձևավորվում է աշխատողների հավելավճարը՝ պրեմիա ասվածը։ Իրավիճակը հետևյալն է․ վերջին երկու ամսվա արտադրական ցուցանիշներում անկում կա, ինչը կապված է բեռնափոխադրման ծավալների ցածր ցուցանիշի հետ։ Իսկ նախորդ ամիսներին արտադրական ցուցանիշները հիմնականում բարձր են եղել, այդ իսկ պատճառով կարողացել ենք հավելավճարներ տրամադրել»։
Իսկ հարցին, եթե աշխատողները տիրապետում են այդ մեխանիզմին ու հասկանում, որ կա արտադրական ցուցանիշի անկում, ապա ինչո՞ւ են բողոքում, Գրձելյանը պատասխանեց․ «Մարդը լավին շուտ է սովորում»։ Երկաթուղու մամուլի քարտուղարը նաև հավելեց, որ բանակցությունները ընթացքի մեջ են, իսկ, ամենայն հավանականությամբ, վաղն արդեն ամեն ինչ պարզ կլինի։
Սակայն նախկինում աշխատողները նաև նշում էին, որ եղել են օրեր ու ամիսներ, երբ 4-5 ժամ ավել են աշխատել, սակայն հավելյալ գումար չեն ստացել։