Լինելու ենք կառուցողական ընդդիմություն, բայց մի շարք հարցերում էլ լինելու ենք անզիջում, ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ասել, որ այդ հարցն օրինակ Արցախի հարցն է:
Ում եւ ի՞նչ չի զիջելու ՀՀԿ-ն Արցախի հարցում: Բանն այն է, որ այդ հարցում ՀՀԿ-ն գործնականում զիջել է գրեթե ամեն ինչ, առնվազն քաղաքական հայտարարությունների առումով, եւ սկսած 2004-05 թվականից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ եւ ինքը դեռ պատերազմի ժամանակ էր ասում, որ տարածքները չեն ազատագրվում տարածք ավելացնելու տրամաբանությամբ, այլ հետագայում բանակցելու:
ՀՀԿ-ն օրինակ պահանջեց ոչ թե այդպիսի հայտարարություն անող պաշտպանության նախարարի հրաժարականը, այլ մեկ տարի անց այդ նախարարին ընդունեց իր շարք, իսկ հետո Սարգսյանը դարձավ ՀՀԿ նախագահ եւ «անփոխարինելի» առաջնորդ: Այդ ընթացքում Սարգսյանը հասցրել էր նաեւ հավանություն տալ օրինակ Կազանի պլանին, նաեւ վարել արտաքին մի քաղաքականություն, որի հետեւանքով Ադրբեջանը քայլ առ քայլ ձեռք էր բերել Արցախի հանդեպ լեգիտիմ ագրեսիայի հնարավորություն, ինչը գագաթնակետին հասավ ապրիլյան քառօրյայի ընթացքում եւ տապալվեց, քանի որ դրան դիմագրավելը մնաց ոչ թե ՀՀԿ «հույսին», այլ բանակի ու հանրության կամավորական ջանքի:
ՀՀԿ-ն այդ ամբողջ ընթացքում լուռ հետեւել է, թե ինչպես է գործնականում զիջվում ամեն ինչ: ՀՀԿ-ն, որ Նիկոլ Փաշինյանին հարցնում է, թե ինչ եղավ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի օրակարգը, ոչ մի անգամ նույնիսկ դա չհարցրեց Սերժ Սարգսյանին, երբ օրինակ նա Ժնեւում շվեյցարական արեւի ներքո Ալիեւի հետ առանձնազրույցից հետո որեւէ բառ անգամ չխոսեց Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի մասին:
Հսկելու ենք, ասում է Վիգեն Սարգսյանը: Ավելի անկեղծ կլինի իհարկե ասել՝ ծաղրելու ենք: Որովհետեւ, եթե ՀՀԿ-ն է հսկելու Հայաստանի ազգային անվտանգությունը, ապա դա այլ բան չէ, քան ծաղր հասարակության հասցեին, այն արդյունքից հետո, որ երկու տասնամյակի կառավարման ընթացքում արձանագրել է ՀՀԿ-ն, կամ այն հետեւանքից հետո, որ այդ կառավարումն ունեցել է պետության համար:
Սակայն, իրավիճակն իհարկե կարող ենք դիտարկել հակառակ կողմից: Երբ Վիգեն Սարգսյանն ասում է, թե հսկելու են, դա ինչ որ իմաստով իսկապես այդպես է: ՀՀԿ-ն կամա թե ակամա դարձել է Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների հսկիչը, որն իր ներկայությամբ թույլ չի տալիս որեւէ վտանգի որեւէ կերպ քողարկված մոտենալ թավշյա հեղափոխությանը:
Այդ իմաստով ՀՀԿ-ն կարող է իհարկե «հսկել» ներքաղաքական իրավիճակը՝ նոր իշխանության համար, հատկապես, եթե Ռոբերտ Քոչարյանն իսկապես փորձելու է ստեղծել կուսակցություն, եւ քաղաքականության մեջ լինելու մասին նրա հարցազրույցներն ընդամենը հուշերի գրքի գովազդի համար չեն: Մյուս կողմից, այդ իմաստով Քոչարյանն ու ՀՀԿ-ն հսկելու են միմյանց:
Որքան կտեւի դա, կախված է մի շարք այլ հանգամանքներից եւ գործընթացներից, որոնք արդեն դուրս են նախորդ համակարգի դաշտից:
Իսկ Արցախի հարցում հսկելու ռեսուրս ՀՀԿ-ն չունի բացարձակապես: Արցախի հարցում, ինչպես իհարկե ներքին հարցերում, ՀՀԿ-ն ունի անելու մի բան՝ խոստովանություն: Օրինակ, ՀՀԿ-ն ներկայում պետությանը կարող է ծառայություն մատուցել արցախյան գործընթացի շուրջ «խոստովանությամբ», ընդհուպ բաներ, որոնք գուցե չեն էլ արվել գործնականում, բայց որոնք պետք է բացառել նաեւ հետագայում՝ որեւէ կերպ:
Հակոբ Բադալյան, մեկնաբան
Lragir.am