Առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու նախաձեռնությանը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ։
Սոցցանցերում մարդիկ մանրամասն քննարկում են, այսպես ասած, խոպանչիներին հարկելու նախաձեռնությունը: Ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քաղաքացիներն իմանան՝ առանց լայն հանրային քննարկման և հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու», – ասաց նա՝ հավելելով, որ եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը․ «Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»: