Վերջերս ուսանողության շրջանում ակտիվորեն քննարկման թեմա է դարձել ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը, երբ երկու ուսանողական կառույցներ՝ ԵՊՀ Ռեստարտը և ԵՊՀ ուսանողական խորհուրդը, կարելի է ասել, հակամարտության մեջ են։
ԵՊՀ Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը պնդում է, որ ուսխորհուրդը ոչ լեգալ կառույց է, որը չի կարող ներկայացնել ուսանողների շահերը, քանի որ 2014թ-ից ի վեր ՈՒԽ-ն չունի համագումարների արձանագրություններ, և ՈՒԽ կանոնադրությունը հաստաված չէ։ Հակառակ Ռեստարտ նախաձեռնության հայտարարությունների՝ ուսանողական խորհուրդը նշում է, որ լիազոր մարմինը՝ ԿԳՆ-ն է մեղավոր, որ կանոնադրությունը հաստաված չէ, այլ ոչ թե իրենք։
Ռեստարտ նախաձեռնությունը նշում է, որ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը բացասական է ազդում ուսանողական խորհրդի ինքնավարության վրա։ Տվյալ կենտրոնի տնօրենը ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանն է, ով տարիներ շարունակ ԵՊՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովի նախագահն է։ Այսինքն՝ ուսանողական խորհրդի ընտրությունները առնվազն վերջին 3 տարում եղել են նրա վերահսկողության տակ։
Իսկ եթե հարցը դիտարկենք կանոնադրական տեսանկյունից, պարզ է դառնում, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը համակարգում է ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպությունները, որը հակասում է ՈւԽ կանոնադրության այն կետին, ըստ որի՝ ուսանողական խորհուրդը ինքնակառավարվող մարմին է։
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ բուհերի ուսանողական խորհուրդները գործել են ի շահ այդ ժամանակ գործող իշխանությունների, և այժմ էլ նախկին իշխանությունները փորձում են ԵՊՀ-ում պահպանել այդ լծակները։ Մասնավորապես, ուսումնասիրելով ֆեյսբուքյան հարթակը, որտեղ բուռն քննարկվում է այս թեման, տեսնում ենք որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սպասարկող ֆեյքերը և օգտատերերը տարբեր լրատվամիջոցների միջոցով փորձում են վարկաբեկել ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությանը՝ շահարկելով հանրության համար վիճելի թեմաներ, որոնցից է ԼԳԲՏ համայնքը։ Մասնավորապես Digital News լրատվականը նենգաբար ապատեղեկատվություն է տարածել, թե Ռեստարտ նախաձեռնությունը աջակցում է Արթուր Սաքունցին, որին էլ կապում են վերոնշյալ համայնքի հետ։
Այսպիսով, Ռեստարտ նախաձեռնությունը պնդում է, որ ԵՊՀ-ում պետք է ընդունել ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն և իրականացնել նոր ընտրություններ, որին կմասնակցեն բոլոր ուսանողները հավասարության սկզբունքով։