Home / Հայաստան / Ամերիկացի գործակալները ներթափանցել են Մեքսիկայի միգրանտների քարավանի մեջ

Ամերիկացի գործակալները ներթափանցել են Մեքսիկայի միգրանտների քարավանի մեջ

Մեքսիկայից միգրանտներին տեղափոխող քարավանում, որը շարժվում է Մեքսիկայից դեպի ԱՄՆ-ի սահմանները, կան ԱՄՆ-ի ներքին գործերի անվտանգության նախարարության գործակալներ: Նրանք գաղտնի պարզում են փախստականների ծրագրերը՝ սահմանը հատելու վերաբերյալ։ Ամերիկյան վարչության երկու աշխատակիցների կարծիքով, նրանք քարավանի ներսում հետախուզական գաղտնի գործակալներից տեղեկություններ են հավաքում, ինչպես նաև իրականացնում փախստականների տեքստային հաղորդագրությունների մոնիտորինգ, հաղորդում է NBC-ն։

Չորս հազար փախստականներ, հիմնականում Հոնդուրասից, այդ ճանապարհին WhatsApp հավելվածն են օգտագործում` համակարգելու իրենց գործունեությունները և հաղորդակցությունը։

Հետախուզական տեղեկությունների հավաքագրումը՝ գործակալների զեկույցների հետ մեկտեղ, որոնք Մեքսիկայի կառավարության հետ են աշխատում, ուղղված է քարավանի ծավալները, նրա տեղաշարժը մոնիտորինգի ենթարկելուն և դրանից բխող ցանկացած հնարավոր սպառնալիքների վերահսկմանը:

Մասնավորապես, նոյեմբերի 20-ին գործակալները լրագրողներին ասել են, որ իրենց հետախուզության համաձայն, մի խումբ միգրանտներ պատրաստվում են անցնել Սան Դիեգոյի մոտ գտնվող սահմանային հատվածը։ Արդյունքում, առավոտյան երեքից վեցը սահմանապահները փակել են դեպի հյուսիս տանող բոլոր սահմանային անցակետերը։ Այնուամենայնիվ, սահմանը խախտելու փորձ միգրանտների կողմից չէր ձեռնարկվել:

Ներքին գործերի անվտանգության նախարարությունը քարավանի ներսում միգրանտների մոնիտորինգի համար ուղղված ֆինանսական ծախսերը արդարացնում է նրանով, որ ԱՄՆ -ի կառավարությունը պետք է իմանա, թե ով է ցանկանում մուտք գործել իրենց երկիր, քանի որ նրանց թվում կարող են լինել նաև հանցագործներ։

Այժմ, հիմնականում Հոնդուրասից, Միացյալ Նահանգների ուղղությամբ են շարժվում միգրանտների մի քանի քարավաններ։ Մարդկանց ընդհանուր թիվը հասնում է հինգ հազարի։ Նոյեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ շուրջ 350 հոգանոց միգրանտների քարավանի առաջին խումբը հասել է սահմանամերձ Տիխուանա քաղաք, որտեղից մտադիր են մուտք գործել Միացյալ Նահանգներ:

Միգրանտների ինը ավտոբուս ժամանել է Մեքսիկայի դաշնային ոստիկանության ուղեկցող մեքենաների ուղեկցությամբ։ Տիխուանայում նրանց հանդիպեցին միգրացիայի ազգային ինստիտուտի աշխատակիցները, ովքեր օգնեցին տեղավորել միգրանտներին քաղաքի ապաստարաններից մեկում և սննդով ապահովել։

Միգրանտներին աջակցության ծրագրի ներկայացուցիչ Սեզար Պալենսիան հայտարարել է, որ քաղաքում կա մոտ տասը ապաստարան, որոնք պատրաստ են ընդունել միգրանտներին և նրանց տրամադրել անհրաժեշտ բժշկական օգնություն: Իսկ քաղաքի քաղաքապետ Խուան Մանուել Գաստելումը, իր հերթին, ասել է, որ միգրանտները հրաժարվել են բժշկական և սոցիալական օգնությունից և քայլել դեպի ափամերձ տարածաշրջան, որտեղ իշխանությունները նրանց տեղավորելու որևէ հնարավորություն չունեն:

Նոյեմբերի 19-ին տեղեկություն է ստացվել, որ հերթական 200 հոգանոց քարավանը Էլ Սալվադորից ուղևորվել է ԱՄՆ։ Միգրանտները դեռ պետք է հաղթահարեն սահմանը Գվատեմալայի և Մեքսիկայի հետ, քանի որ ճանապարհին քարավանների թիվը կարող է տասը անգամ ավելանալ: Սա ԱՄՆ ուղևորվող արդեն չորրորդ քարավանն է: Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությանը վստահված է մինչև 15 հազար զինվոր։

Նախօրեին, նոյեմբերի 20-ին, Սան Ֆրանցիսկոյում դաշնային դատավորը արգելափակեց Թրամփի հրամանագրի իրականացումը` կարգադրելով ապաստան տրամադրել Մեքսիկայի հետ սահմանը ապօրինի հատող միգրանտներին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ մտադիր է քչացնել ապօրինի միգրանտներին տրվող ապաստանները: