Ի պաշտպանություն Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նոյեմբերի 28-ին կայացած ակցիայի մասնակիցները կնոջ անունից ներման խնդրագիր և միջնորդագրեր են հանձնել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մամուլի խոսնակին։
Շաբաթներ առաջ Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր քննության առնել Հասմիկ Սարգսյանի բողոքը: Դա նշանակում է, որ երեխաներին սովից փրկելու համար գողություն կատարած կինն օրեր անց կհայտնվի բանտում։
Մոտ 40 հասարակական կազմակերպություններ, անհատներ, լրագրողներ, 2 պատգամավորներ՝ Լենա Նազարյանն ու Հայկ Կոնջորյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Զարուհի Բաթոյանն իրենց հերթին միջնորդագրեր են ներկայացրել՝ Հասմիկին ներում շնորհելու խնդրանքով։
Շաբաթներ շարունակ Հասմիկին աջակցող մարդիկ ստորագրություններ էին հավաքում տարբեր պատգամավորներից և բարձրաստիճան պաշտոնյաներից, սակայն նրանցից քչերն էին պատրաստակամություն հայտնում ստորագրել կամ առհասարակ արձագանքել խնդրանքին։
Մի մասը «գործին ծանոթանալու ժամանակ» չուներ, չնայած որ արդեն ամիսներ շարունակ Հասմիկի դեպքի մասին բարձրաձայնվում է լրատվամիջոցներով, մի քանի անգամ ակցիաներ են անցկացվել։
Շատ պատգամավորներ հեռախոսազանգերին առհասարակ չէին պատասխանում։ ՀՀԿ-ական պատգամավորների օգնականներն էլ «մոռանում» էին էլեկտրոնային փոստին ուղարկած նամակները հանձնել իրենց ղեկավարներին:
«Դե ճամպրուկային տրամադրության մեջ են մեր օգնականները», – արդարանում էին պատգամավորները։
Հասմիկին աջակցող խումբը փորձել էր կապ հաստատել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի հետ։ Նրա օգնականները խոստացել էին խնդրի մասին Հակոբյանին տեղյակ պահել։ Epress.am-ի լրագրողը անձամբ խոսել էր Հակոբյանի հետ, նա խոստացել է ծանոթանալ խնդրին, սակայն այդպես էլ արձագանք չի եղել։
Հայաստանի ամենաաղքատ քաղաքաներից մեկի՝ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանը ծանր կացության մեջ է իր 4 երեխաների հետ։ Կինը մի քանի անգամ սնունդ և գումար է գողացել։ Աշխատանք գտնելու համար դիմում էր քաղաքապետարան, բայց ապարդյուն։ Առողջական խնդիրներ ունեցող Հասմիկը հացի փռում է աշխատել։
Դատական բոլոր ատյաններն «արդարադատություն» են իրականացրել՝ առաջնորդվելով կնոջը պատժելու սկզբունքով։
Աղքատության համար պատժվող Հասմիկի ձայնը չի լսվել Սիսիանում, այնտեղի քաղաքապետարանում, այն չի լսվել Երևանի դատական ատյաններում։ Չի լսվել Վճռաբեկ դատարանի բակում, էլեկտրոնային փոստերով «տեղ չեն հասել» Հասմիկի ներման խնդրագրերը, լռել են պատգամավորների հեռախոսները։
Եթե գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, աջակցող խմբի անդամների կարծիքով, խայտառակ որոշում կկայացվի Հայաստանի դեմ։
Հասմիկ Սարգսյանի գործի մասին մանրամասն՝ այստեղ։