Գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը գտնվում է 102-րդ ռազմաբազայում։ Նա ունի հայաստանցի պաշտպան, սակայն վերջինս՝ Նարինե Ռշտունին, նույնպես, խիստ գաղտնի է պահում նրա անունը։
«Ես ոչ մի բան չեմ մեկանբանելու, քանի որ չեմ քննարկել իմ պաշտպանյալի հետ և իրավասու չեմ առանց նրա համաձայնության որևէ լրատվամիջոցի որևիցե տեղեկատվություն տալ։ Այդ թվում՝ անուն-ազգանուն»- Epress.am-ի հետ զրույցում ասել է Ռշտունին։
Իսկ հարցին՝ ինչպե՞ս է ռուս զինծառայողը գտնել իր փաստաբանին, Ռշտունին նշել է, որ ինքը տարիներ շարունակ աշխատում է և՛ Ռուսաստանի դեպսպանության հետ, և՛ ռազմաբազային քննչական վարչության հետ․ «Իմ տվյալները կան զինծառայողներից շատերի մոտ։ Շատ գործերով մասնակցել եմ, և դժվար չէր ինձ գտնելը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, նախնական տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը Գյումրու Սլաբոդկա թաղամասում հարձակվել էր փողոց մաքրող կնոջ վրա և ծեծելով սպանել նրան։ Դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունեցել փակ դատական նիստ, որի ժամանակ որոշում էր կայացվել կալանավորել ռուս զինծառայողին։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուս զինծառայողը գտնվում է 102-րդ ռազմաբազայում, սակայն դրա մասին լռում են և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը։ Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի մասին լուրերը և հորդորել «սեպ չխրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ»։