Մշակույթի նախարարության, դրա ՊՈԱԿ֊ների և Սփյուռքի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել գերատեսչության շենքի առջև՝ պահանջելով չլուծարել երկու նախարարությունները։ Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, եթե քննարկվում է մշակույթի նախարարությունը կրթության նախարարությանը միացնելու հարցը, ապա Սփյուռքի պարագայում գերատեսչությունը պետք է ամբողջությամբ փակվի։
Բողոքի դուրս եկած աշխատակիցները մտադիր են գրավոր դիմել վարչապետին։ «Իմանալով, որ այս նախարարության դադարեցման համար պնդել է Արարատ Միրզոյանը, մենք պահանջել ենք, որ նա ներկա գտնվի նախարարությունում և հիմնավորի փակման անհրաժեշտությունը», – ասել է բողոքողներից մեկը։
Նրանք խնդրում են հետ կանչել նախագիծը, քանի որ այն չի քննարկվել «ոչ մի մասնագիտական մակարդակի վրա», և մշակույթի նախարարությունը դիտարկել որպես առանձին կառույց։ Հավաքվածները նաև վարչապետի հետ հանդիպում են պահանջել, ընդ որում՝ հնարավորինս արագ․ «Եթե մեր բողոքին ընթացք չտրվի, մենք պատրաստ ենք նոր տարվա օրերին էլ գործադուլ, նստացույց անել»։
Նոյեմբերին փոխվարչապետ Արարար Միրզոյանը խոսել է պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումների մասին։ Նա խոսել էր նախարարությունների, ՊՈԱԿ–ների և հիմնադրամների փակվելու մասին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Միրզոյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ նախարարությունների թիվն առաջիկայում կդառնա 9-11–ը` ներկայիս 17-ի փոխարեն․ «Պետական կառավարման համակարգը շատ է ուռճացված»։