Զանգվածային լրատվամիջոցներում անկող թռչունների վերաբերյալ հնչող տարբեր կարծիքներին արձագանքել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը․ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ:
«Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երևանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, և ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզում հավերի անկման պատճառներին, ապա, լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության և գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Հավելենք նաև, որ թռչունների Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ և չի փոխանցվում թռչնից մարդուն:
Հ.Գ. Երևանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ և այլ): Անկած ագռավներ և այլ թռչուններ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով նաև շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։