Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանը պահանջել է «Մատաղիսի» գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործին կցել նաև ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի հայտնած տեղեկությունները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ ՀՔԾ քննիչ Ա. Ավետիսյանին և պահանջել «Մատաղիսի» գործի շրջանակում դեռևս 2005թ.-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործին կցել forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» վերնագրով լրատվական նյութը:
Իրավապաշտպանները հիշեցնում են՝ «Մատաղիսի» գործի վերաբերյալ ՄԻԵԴ վճռից հետո Ա. Զալյանը վերանայման վարույթ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան և Վճռաբեկը 2017թ. ապրիլի 12-ին բավարարել ու գործն ուղարկել է նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հանձնարարել է ՀՀ ՀՔԾ-ին 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ նոր քննություն սկսել:
Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել:
2018թ. նոյեմբերի 8-ին forrights.am լրատվական կայքում հրապարակված նյութում ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը տեղեկություններ է հայտնում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ Արմեն Հակոբյանի և Ա. Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վերահսկող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կատարած հանցագործությունների մասին: Նա նշել է, որ վերոնշյալ 3 անձինք խոշտանգել են իրեն և ստիպել ցուցմունք տալ:
«Մատաղիսի» գործով ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով տուժող Արայիկ Զալյանը ևս իր ցուցմունքներում նշել է, որ իրեն խոշտանգել է նույն Արմեն Հակոբյանը:
Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՔԱՎ փաստաբան Ա. Չատինյանը նյութի հրապարակումից հետո՝ 2018թ. նոյեմբերի 9-ին, դիմել է վարույթն իրականացնող ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանին՝ լրատվական նյութը քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու հարցով:
Ավելի քան երկու ամիս է անցել, բայց ՀՔԾ քննիչը դեռևս չի արձագանքել միջնորդությանը: