Այսօր խոշտանգումների զոհերի աջակցման միջազգային օրն է։ Այս առիթը օգտագործելով քաղաքացիական ակտիվիստ, ինժեներ֊գործարար Վարդգես Գասպարին ահազանգում է՝ Հայաստանի փակ հաստատություններում՝ ոստիկանություն, բանակ, բանտեր, համակարգված խոշտանգումները շարունակվում են։ Ըստ Գասպարիի՝ խոշտանգումների կանխարգելման մեխանիմզներն այնքան արագ չեն բարելավվում, քան հենց բուն խոշտանգման կիրառման ձևերը։ Նա նկատել է, որ, օրինակ, ոստիկանության Կենտրոնի և Արաբկիրի բաժիններում ոստիկանները սովորել են ավելի «զգույշ» վարվել բերման ենթարկված քաղհասարակության ներկայացուցիչների հետ, իսկ պակաս «հայտնի» և ավելի խոցելի մարդկանց դեպքում դաժանությունը չի զսպվում։
«Վերաբերմունքը շատ տարբերակված է», ֊ նշում է Գասպարին։
Նախկին քաղբանտարկյալ Գասպարին բանտում է անցկացրել ավելի քան 1 տարի՝ ձերբակալվելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո, ապա բանտարկվել է նաև 2016 թվականին։ Նա նկատում է, որ իր երկու բանտարկությունների միջև ընկած ժամանակահատվածում գողական աշխարհը բանտերում բարձրացրել է «օբշյակի» գինը։ Գասպարին հակված է մտածել, որ իշխանությունները գողական աշխարհից ոչ թե չեն կարողանում ազատվել, այլ օգտագործում են «գողականներին» քաղաքական հարցեր լուծելու համար։
Խոշտանգումների դեմ պայքարում, ըստ Գասպարիի, թերանում են նաև քաղհասարակության ներկայացուցիչները։
«Մենք, կարելի է ասել, քիչ, թե շատ ապահովված ենք ապրում։ 33 տոկոսանոց աղքատ երկրում մենք էդ մարդկանց հետ չենք ապրում։ Շփվում ենք ակցիայից ակցիա։ Այդ մարդկանց հետ պետք է ապրել, որ մեր նկատմամբ հավատ ունենան», ֊ ասել է Գասպարին։
Մանրամասները՝ տեսանյութում․