հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Ինչու է Հայաստանը Եվրամիությանը ներկայացրել ամենաաղքատիկ ծրագիրը

Ինչու է Հայաստանը Եվրամիությանը ներկայացրել ամենաաղքատիկ ծրագիրը

ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորման բնույթն ու համեմատությունը Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։

ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 միլիոն եվրոյի չափով, տրամադրվելու է Հայաստանին։ Թե ինչո՞ւ է Հայաստանը բոլոր վեց երկրներից ամենաքիչ ֆինանսավորումը ստանալու, փորձենք հասկանալ ստորև։

Ի՞նչ ծրագրի մասին է խոսքը

Անցած տարվա դեկտեմբերին Եվրամիության պատրաստած փաստաթղթում նշվում է, որ ԱլԳ երկրներում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է ԱլԳ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Մոլդովայում, խթանել տնտեսական զարգացումը, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր, ընդլայնվի հասանելիությունը տարբեր շուկաներին և նվազի այդ երկրների խոցելիությունը տարաբնույթ ցնցումներից։

Ներկայացված ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթգծեր, օդանավակայաններ, նավահանգիստներ, լոգիստիկ կենտրոններ։

Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման համար նախատեսվում է տրամադրել 13 միլիարդ եվրո։ Այդ գումարները ծախսվելու են այն նախագծերի վրա, որոնք ներկայացվել են ԱլԳ երկրների կողմից և արժանացել են դոնորների հավանությանը։

Ով ինչքան է ստանալու և ինչ է անելու

Ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, Հայաստանն այս ծրագրի շրջանակներում ստանալու է 732 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 2,078 միլիարդ եվրո, Բելառուսը՝ 1,248 միլիարդ եվրո, Վրաստանը՝ 3,417 միլիարդ եվրո, Մոլդովան՝ 917 միլիոն եվրո, Ուկրաինան՝ 4,453 միլիարդ եվրո։

Ադրբեջանը, ըստ այդմ, իրեն հատկացվելիք գումարը ծախսելու է Ալյաթի ազատ առևտրի գոտու շինարարության, Արևելք-Արևմուտք երկաթգծի, 5 լոգիստիկ կենտրոնների և ավտոճանապարհների շինարարության վրա։

Վրաստանը ԵՄ-ից և ՀԲ-ից ստացված գումարներն ուղղելու է Քութայիսի օդանավակայանի բեռնային տերմինալի շինարարությանը, Անակլիայի նավահանգստին, կամուրջների, սահմանային անցակետի, լոգիստիկ կենտրոնների, ավտոճանապարհների կառուցմանը։

Բելառուսը, ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, իրեն հասանելիք գումարները պատրաստվում է ծախսել երթևեկության կառավարման համակարգի, երկաթգծերի, սահմանային անցակետի և ավտոճանապարհների շինարարության վրա։

Մոլդովան պատրաստվում է կառուցել ավտոճանապարհներ, նավահանգիստ, երկաթուղի, սահմանային անցակետ և լոգիստիկ կենտրոններ։

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ամենախոշոր երկիրը՝ Ուկրաինան, իրեն տրամադրվելիք գումարն ուղղելու է Դնեպր գետի վրա ջրարգելների շինարարությանը, նավահանգիստների, օդանավակայանների, երկաթգծի, ավտոճանապարհների կառուցմանը։

Իսկ Հայաստա՞նը

Հայաստանում այս ծրագրի շրջանակներում ԵՄ և ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել վեց ավտոճանապարհային նախագիծ, ինչպես նաև բարեկարգել Մեղրիի սահմանային անցակետը։

Հայաստանում ֆինանսավորվելիք նախագծերը ոչ միայն ավելի փոքր են, քան մյուս հինգ երկրներում, այլև պակաս բազմազան։

Բնականաբար, Հայաստանը չի կարող իրականացնել նավահանգստի բարեկարգման կամ նավահանգստային ենթակառուցվածքի ստեղծման նախագծեր։ Հայաստանը չէր կարող նաև ներկայացնել երկաթգծային նախագծեր, քանի որ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ՌԴ պետական ընկերությանը, իսկ ԵՄ-ն հազիվ թե կֆինանսավորի ռուսական որևէ պետական կազմակերպության։ Դեպի Իրան նոր երկաթգծի կառուցումը նպատակահարմար չէ եվրոպացիների տեսանկյունից, քանի որ արդեն իսկ կա տարածաշրջանն Իրանի հետ կապող երկաթուղի՝ Ադրբեջանի տարածքով անցնող։ Եվ ուրեմն՝ Հայաստանում նավահանգստային և երկաթուղային ծրագրերի բացակայությունը, այսպես ասենք, տրամաբանական է։

Սակայն տրամաբանական չէ, թե ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացրել, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում բեռնային տերմինալի կառուցման նախագիծ, Կապանի օդանավակայանի զարգացման ծրագիր, ազատ առևտրային գոտիների ստեղծման նախագծեր և այլն, և այլն։

Թեև ԵՄ և ՀԲ կողմից առաջիկա տարիներին տրամադրվելիք 732 միլիոն եվրոն իրոք մեծ ներդրում է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ, ծրագրի ֆինանսավորման պատկերը ԱլԳ մյուս երկրներում ցույց է տալիս, որ ԵՄ հետ շփումներում ՀՀ կառավարությունը պետք է լինի շատ ավելի ստեղծագործ ու լայնախոհ՝ ավտոճանապարհների շինարարությունից զատ այլ նախագծեր կյանքի կոչելու համար։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»