Epress.am-ի տաղավարում Էկոլուր կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի և Հայկական բնապահպանական ճակատի մասնակից Լևոն Գալստյանի հետ զրուցեցինք Արարատյան դաշտի արտեզյան ջրերի անխնա և ապօրինի օգտագործման խնդրի մասին, որը հանգեցրել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնքներում տարածքների ճահճացմանը։ 4000 հեկտար գյուղատնտեսական հողեր դարձրել են անօգտագործելի կամ անջրդի։ Արարատյան դաշտի գյուղացիները կանգնած են գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ։ Հանրային բնապահպանական դատարանը մեկ ամիս առաջ քննեց այս գործը, հայցվոր Լևոն Գալստայնի կողմից այն ներկայացվել էր դատավորների և հանրության դատին։
Դեռևս 2015 թվականին ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ Գևորգ Կոստանյանին։ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ հանրային դատարանի վճիռն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, Ազգային Անվտանգության խորհուրդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վճռի կետերն են․
1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն:
2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում:
3. Դիմել ՀՀ Դատախազություն` – Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով: