Լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության հարցի արդիականացումը պետք չէ ցավալի գործընթաց համարել, այն բնական է։ Այս մասին ապրիլի 12-ին քննարկմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
«Եթե մենք ուզում ենք, որ լրատվամիջոցներն արդար խաղի կանոններով աշխատեն լսարանի հետ, այդ թափանցիկությունը կարևորագույն պայմաններից մեկն է։ Մանավանդ, երբ քաղաքական պայքարը նախահեղափոխական, հեղափոխական և հետհեղափոխական շրջանում տեղափոխվեց լրատվամիջոցների դաշտ և սոցիալական մեդիա։ Երբ խոսքը գնում է նրա մասին, որ քաղաքական ուժերը իրենց պայքարում առաջին հերթին շեշտը դնում են լրատվամիջոցներով աշխատելու վրա, շատ կարևոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում», – ասել է նա։
Չնայած մեդիագրագիտությունը մեծ տարածում չի գտել, հասարակությունում, նշել է Մելիքյանը, լրատվամիջոցների տարբերակում է նկատվում։ Հեռուստադիտողն, օրինակ, այլևս չի ասում «հեռուստացույցով ասացին», ասում է «այսինչ հեռուստաալիքով ասացին»՝ ենթադրելով, որ դա որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի լրատվամիջոցն է։
«Ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը բացի իր իրական սեփականատիրոջն, ու իրական սեփականատերն էլ բաց խաղա հասարակության հետ։ Հաճախ ասում են՝ նույնիսկ եթե լրատվամիջոց չհամարեք, քարոզչամիջոց համարեք, ի՞նչ կա դրա մեջ։ Ես ասում եմ՝ դա նույնպես գործունեության ձև է, բայց ընդունեք այդ դեպքում, որ դուք այդ քաղաքական ուժինն եք և որոշակի քարոզ եք իրականացնում և մի՛ մոլորոցրեք ձեր լսարանը, մի՛ ասեք, որ անկախ լրատվամիջոց եք»։
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ևս կարևորել է լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության հարցը՝ իշխանություններին առաջարկելով փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը։
«Շատ լավ հիշում ենք, որ երբ Հայաստանում նոր իշխանություններ էին գալիս, լրատվական դաշտում անմիջապես վերաբաշխում էր տեղի ունենում, և այն լրատվական միջոցները, որոնք մի քաղաքական ուժի ձեռքում էին, անցնում էին մյուսի հսկողության տակ։ Եվ մենք շատ լավ նաև հասկանում ենք, որ նոր իշխանության բնույթն այնպիսին է, որ այդ նույն գործընթացը մենք այսօր չենք տեսնելու։ Նույնիսկ եթե վերցնենք այն լրատվամիջոցը, որը, կարծես թե, բոլոր մեխանիզմներով կարող էր դառնալ իշխանամետ, խոսքս Հանրային հեռուստաընկերության մասին է, այդպիսին չի դարձել, և մենք այսօր հանգիստ կարող ենք տեսնել ընդդիմության լայն ներկայացվածություն Հանրային հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում։
Ոլորտի կարգավորումը գնալով պետք է առավել քաղաքակիրթ բնույթ ստանա։ Այժմ հնարավոր է համալիր մոտեցում դրսևորել լրատվամիջոցների բոլոր խնդիրների հետ կապված և համապատասխան քաղաքականություն մշակել։ Երկրի իշխանություններին առաջարկում ենք մոտ ժամանակներում զբաղվել դաշտում առկա խնդիրներով։ Խոսքն, առաջին հերթին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխության մասին է», – ասել է Նավասարդյանը։
Հասարակությունն, ըստ նրա, իրավունք ունի իմանալ՝ ով է լրատվամիջոցների հետևում կանգնած, ինչը բոլորովին չի նշանակում, որ դա ռեպրեսիվ գործողությունների է բերելու։ «Եթե ընդդիմադիր գործիչն ասում է՝ այս լրատվամիջոցն իմն է, դա դեռ չի նշանակում, որ իր դեմ կկիրառվեն որևէ պատժիչ միջոցներ։ Հակառակը՝ նա ավելի պաշտպանված կլինի, որովհետև տվյալ լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անմիջապես ստանալու է քաղաքական աստառ։ Եվ մենք չենք կողմնորոշվելու տարբեր բամբասանքներով։ Եվ այնտեղ, որտեղ մենք կարող ենք տեսնել քաղաքական ճնշումներ, որոնք ավանդական երևույթ էին նախորդ տարիներին, այլևս կստանան համապատասխան հակահարված քաղաքացիական հասարակության և լրագրողական հանրության կողմից»։
Խոսվեց նաև YerevanToday-ի խմբագրությունում սեպտեմբերին անցկացված խուզարկության և գրասենյակի համակարգիչների կոշտ սկավառակների առգրավման դեպքի մասին։ Խուզարկությունն իրականացնում էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Yerevan.today-ը կապվում է կալանավորված Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այն գտնվում է Սարգսյան 26/1 հասցեում՝ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի տարածքում։ Այդ կենտրոնում է գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
Աշոտ Մելիքյանն ակնկալում էր, որ ՀՔԾ-ն նմանատիպ կոշտ գործողությունների էր դիմել՝ ունենալով հիմնավոր փաստեր․ «Երբ որևէ լուրջ փաստարկ չստացանք, մենք հանգիստ խղճով հայտարարությամբ հանդես եկանք, որ անհապաղ պետք է վերադարձնել տեխնիկան, փորձաքննության արդյունքները որքան հնարավոր է շուտ հրապարակել, որ իմանանք՝ ինչ է եղել։ Այսօրվա դրությամբ, որևէ հրապարակում չի եղել, որտեղ կասվեր, որ հենց այս փաստարկներով ենք ամեն ինչ արել։ Փորձաքննության որևէ արդյունք չի հրապարակվում, ինչը շատ մտահոգիչ է։ Քննչական կոմիտեից ակնկալում ենք, որ գոնե այն մասը, որը ենթակա է հրապարակման և կարևոր է, պետք է հրապարակվի։ Քննչական կոմիտեն պետք է երաշխիքներ տա, որ եթե խմբագրությունն օգտագործի այդ տեխնիկան, այնտեղից արտահոսք տեղի չի ունենա»։