Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից Աշխատանքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարար․ «Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։
Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։
Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնդրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»։
Վարչապետ․ «Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելու՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում։
Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք։
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս նախատեսում ենք իրականացնել հետևողական քայլեր: Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ։
Հայ ժողովուրդը մշտապես աչքի է ընկել իր աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով։ Համոզված եմ, որ միասին կհասնենք մեր նպատակների իրականացմանն ու մեր աշխատանքով կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը»։