Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը փրկում է կյանքեր, պարզաբանում է Առողջապահության նախարարությունը․
Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի կողմից հնչեցված ելույթն առնվազն տարակուսանքի և մտորումների տեղիք է տալիս: Ազգային ժողովի բարձր ամբիոնը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը պաշտպանելու համար է, այլ ոչ թե բնակչությանը մոլորեցնելու՝ վտանգելով տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները:
Իմունականխարգելման ազգային ծրագիրը երկրում տարիներ շարունակ լուրջ հաջողություններ է արձանագրել: Հանրապետությունում չեն դիտվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք վտանգավոր հիվանդություններ՝ դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, խոշոր նվաճումներից են կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը:
Պատգամավորի կողմից հնչեցվել է մեկնաբանություն, որ «չարաբաստիկ» որակվող մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների վերաբերյալ «ոչ մի ֆորմատով, ոչ մի անգամ չի իրականացվել մասնագիտական լուրջ և արժանահավատ վերլուծություն», այն դեպքում, որ դեռևս 2017 թվականից իրականացվել են լայնածավալ միջոցառումներ: Մասնավորապես՝ տարբեր հարթակներում կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ, ազգային խորհրդակցություն, մամուլի ասուլիսներ, հեռուստա և ռադիոհաղորդումներ՝ ներգրավելով ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հեղինակավոր փորձագետների, որոնք ներկայացրել են և գիտական հիմնավորումներ, և վիճակագրական տվյալներ, և տարբեր երկրների փորձը (հղումներ՝ https://www.1in.am/2200842.html, https://iravaban.net/169944.html, http://henaran.am/308833.html, https://www.azatutyun.am/a/28731732.html, https://www.mediamax.am/am/news/society/26132/, https://www.youtube.com/watch?v=DGi1HK6ga44, https://www.youtube.com/watch?v=DsgxiTOBgRQ, https://www.youtube.com/watch?v=33V-aaa-lm4, https://armeniasputnik.am/radio/20171020/9121071/armenia-qaxckex-kanayq.html, https://www.youtube.com/watch?v=cL3f-5IvMMo, https://www.youtube.com/watch?v=k18YJmDR6bQ, https://armeniasputnik.am/video/20170917/8663343/armenia-papiloma-gayane-sahakyan.html, https://www.facebook.com/watch/?v=2008151976092588, https://www.facebook.com/watch/?v=653377078432455):
2017 թվականի դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի «ԵԼՔ», «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով և ներկայիս վարչապետ, այն ժամանակ պատգամավոր, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել են քննարկումներ «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով, որի արդյունքում արձանագրվել է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վտանգավորության և անարդյունավետության վերաբերյալ պատվաստման ընդիմադիրների կողմից չներկայացվեց ոչ մի հիմնավոր փաստարկ: (հղում՝ https://www.youtube.com/watch?v=p5F9jk_uOc8&fbclid=IwAR3AQ09kYMnRGA8x9gql-B8XoFSBlrvwUIMe4bURssb9vfZpMj-gwrij6qA)
Պատվաստումներն իրականացվում են աշխարհի ավելի քան 70 երկրում 2006 թվականից և դրսևորվել են ՄՊՎ-ի դեմ պատվաստումների կիրառման դրական վաղ ազդեցությունները, մասնավորապես.
Կանադայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը (ՌՀ 0.56;ՎՄ 95% CI 0.36- 0.87) (հղում՝ Smith LM, et al. Pediatrics. 2015;135(5):e1131-e1140. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25917991):
Շոտլանդիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացման արդյունքում նվազել են արգանդի պարանոցի ախտաբանական վիճակները, ընդորում CIN 2-ը՝ 50%-ով, իսկ CIN3-ը՝ 55%-ով (հղում՝ Cameron R., Pollock K, Clinical Pharmacist, 8 MAR 2017 http://www.pharmaceutical-journal.com/research/perspective-article/the-impact-of-the-human-papillomavirus-vaccine-in-scotland-a-changing-landscape/20202278.article), մեկ այլ հետազոտության համաձայն պատվաստված կանանց շրջանում ՄՊՎ վարակները նվազել են 35%-ից մինչև 6.7%, իսկ չպատվաստվածների շրջանում կոլեկտիվ իմունիտետի առաջացման շնորհիվ՝ 32.4%-ից 19.4% (հղում՝https://pediatrics.aappublications.org/content/143/2/e20181902?fbclid=IwAR0BAF211R1h9OOVRoMjvcicC-8aa8_M8ICHSIKVAwHEvtmPWD-jpwJgulE):
Ավստրալիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ 18-24 տարեկան կանանց շրջանում կտրուկ նվազել է ՄՊՎ տարածվածությունը 22.7%-ից /2005թ./ մինչև 1.1% /2015թ./, և Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ ՄՊՎ 16 և 18 շճատիպերով ասոցացված արգանդի պարանոցի ախտահարումները նվազել են (հղում՝ 2008-2012թթ. Hariri S, et al; Vaccine. 2015;33(13):1608-1613. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25681664):
Կան նաև բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք ապացուցում են ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետությունն ու անվտանգությունը:
Հղումներ՝
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19493565?dopt=Abstract&fbclid=IwAR2Vf3t8jAvm4uvMZKmkOYeyRAuzbt1JMv6cvXH99YFKVQDbWjboI5HoXg8 https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/29029053/?fbclid=IwAR3-vmcUzqYFhLlSVqTfaOmQxmjGgE25zRY9gxaGm5XplhomDNMNTFbopOk https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6194907/?fbclid=IwAR0X_BhaG26vFMUgB7_MjYVyT5Y2_ZWbLn8Ls2-EdTJjrNf0yEBiwHzrj94
http://cebp.aacrjournals.org/content/28/3/602.long
https://www.sciencedirect.com/science/article/pii/S1386653216305443
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, առանց տվյալ ոլորտի ապացուցողական բժշկության տվյալները և ձեռք բերված հաջողություններն ուսումնասիրելու, առանց լիազոր մարմնի հետ քննարկելու և պարզաբանումներ ստանալու, Ազգային ժողովի ամբիոնից ինչպես հանրապետության հեղինակավոր մասնագետների, այնպես էլ միջազգային փորձագետների կողմից ներկայացված հիմնավորումները և վերլուծությունները գնահատել է որպես «խիստ կասկածելի, մակերեսային և ոչ արժանահավատ»՝ նպաստելով բնակչության շրջանում համակարգային անվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Հաշվի առնելով, որ իմունականխարգելումը հանրային առողջապահության կարևոր ռազմավարական ուղղությունն է և շատ զգայուն ոլորտ` հատկապես բարձր ամբիոններից հնչեցվող, ապատեղակատվության և ասեկոսեների նկատմամբ, ուստի մեկ անգամ ևս կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված և գիտականորեն չապացուցված տեղեկատվության տարածումից: