Արարատի մարզում 30-ամյա կնոջ սպանության դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է:
Դիակը ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արդյունքում պարզվել է, որ տուժողը 30-ամյա կին է, ով, ըստ նախնական տեղեկությունների, մշտական բնակության վայր չի ունեցել:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1993 թվականին: Վերջինս սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Shamshyan.com-ի՝ տղամարդը Երևանի բնակիչ 26-ամյա Հակոբ Օհանյանն է։ Սպանված կինը՝ 30-ամյա Մարիամ Ասատրյանը։