Քոչարյանի «հաղթանակը»՝ Հայաստանի ու Արցախի հաշվին. տեղի ունեցավ ամենասարսափելին
հրապարակվել է armtimes.com կայքում
Մի քանի օր տեւած «մերձդատական» բուռն գործընթացից Հայաստանն ու Արցախը պարտված դուրս եկան։ Միակ շահողը Ռոբերտ Քոչարյանն էր, որ հայտնվեց ազատության մեջ։ Բայց ի՞նչ գնով։
Բանն այն է, որ մեծ հաշվով՝ այդ գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը, որովհետեւ տեղի ունեցավ ամենասարսափելին՝ արդարադատության իրականացման գործընթացը վերածվեց հայաստանցի-ղարաբաղցի դիսկուրսի, ու «կողմերն» առանձին դեպքերում անցան թույլատրելիի սահմանը։ Ընդ որում՝ դա հրահրեց անձամբ Ռոբերտ Քոչարյանը, եւ հրահրեց վարպետորեն։
Որեւէ մեկն ինքն իրեն հարցրե՞լ է, թե ինչու էին դատարանի առջեւ ի պաշտպանություն Քոչարյանի ցույց անողները ծածանում Արցախի դրոշը, եւ ինչ խորհուրդ էր պարունակում այն փաստը, որ ցուցարարների մեջ նաեւ Արցախի տարազով կանայք կային։ Դա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե Քոչարյանին դատեին ԼՂՀ նախագահի պաշտոնում կատարած ինչ-ինչ հանցագործությունների համար, բայց մեղադրյալի աթոռին նստած էր Հայաստանի նախկին նախագահը, եւ քննվող գործն էլ վերաբերում էր նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ՀՀ տարածքում կատարած (կամ չկատարած) հանցագործությանը։ Միայն թե չասեք, որ այդ ամենն ինքնաբուխ էր։ Ոչ, լավ էլ կազմակերպված էր։ Այդ մասին են վկայում ե՛ւ տպագրված ցուցապաստառները, ե՛ւ Արցախի դրոշով շապիկները, ե՛ւ նույն այդ տարազը․․․ Այսինքն՝ ամեն ինչ մանրակրկիտ պլանավորված ու կազմակերպված էր։ Արդյունքում բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ այն, ինչը նախկինում անգամ ամենածանր մղձավանջում հնարավոր չէր պատկերացնել․ փողոցի մի կողմում հայ ցուցարարներ են՝ Արցախի դրոշներով, մյուս կողմում հայ ցուցարարներ են՝ Հայաստանի դրոշներով, ու նրանց միջեւ հայ ոստիկանները շղթա են կազմել․․․
Սպասելի էր, իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ հայտնվելու համար ոչնչի առջեւ կանգ չի առնի ու առանց աչքը թարթելու կխաղարկի նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի» գործոնը՝ թքած ունենալով հետեւանքների վրա։ Ցավալին այն է, որ սադրանքը հաջողվեց, եւ նրան խստագույն պատասխանատվության ենթարկելու կողմնակիցներից շատերը կուլ տվեցին խայծը՝ Քոչարյանի հասցեին հնչեցնելիք իրենց կարծիքը վերահասցեագրելով Արցախին ու արցախցիներին։ Է՛լ «թուրքեր», է՛լ «մեր զավակները չպիտի ծառայեն Արցախում», է՛լ «վերադարձեք Ղարաբաղ»․․․ Առանց հասկանալու, որ նման մտայնությունները բառիս բուն իմաստով ջարդում են հայոց պետականության ողնաշարը եւ փոշիացնում են այն ամենը, ինչի շնորհիվ այսօր ունենք հայկական երկու պետություն եւ այդ պետությունները պաշտպանելու կարողություն։
Քոչարյանին հենց այս խայտառակ դիսկուրսն էլ պետք էր։ Որովհետեւ երբ խոսքը վերաբերում է նախկինում կատարած հանցանքների համար պատասխանատվության ենթարկելուն՝ հասարակությունը միակամ է, այսինքն՝ Քոչարյանը հանրային աջակցության հույս ունենալ չի կարող, իսկ եթե հարցը ներկայացվում է այնպես, թե իբր «Հայաստանում արցախցիներին նեղում են, ուզում են սեպ խրել, ուզում են դատել Արցախի հերոսներին, որ հետո անարգել տարածքներ հանձնեն» եւ այլն, հասարակությունը կտրականապես մերժում է դա, ու հետեւաբար՝ Քոչարյանը հասարակական աջակցության շանս է ստանում։
Ճիշտ է՝ աջակցություն միայն այն փոքրաթիվ մարդկանց կողմից, ովքեր լրջորեն հավատում են, թե Քոչարյանը ոչ թե իր անձնական շահերն է պաշտպանում, այլ «պայքարում է հանուն Արցախի»։ Բայց փորձը ցույց տվեց, որ միամիտների անգամ փոքրաթիվ խումբը, եթե դրան գումարվեն նաեւ լավ վարձատրվող ակտիվիստներն ու քարոզչամիջոցները, կարող է կարգին պղտորել հասարակական կյանքը։ Հենց դա էլ տեղի ունեցավ Հայաստանում։
Իսկ բոլոր նրանք, ովքեր սա հաղթանակ են անվանում, թող նշեն նաեւ, թե ով է պարտվող կողմը։ Ու չզարմանաք, եթե հանկարծ ինքներդ ձեզ համար արձանագրեք, որ պարտվել են բոլորը՝ Հայաստանը, Արցախը, հասարակությունը, արդարադատությունը․.․