Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ասուլիս անցկացրեց, որի ընթացքում ներկայացվեցին Ամուլսարի փրկության համար պայքարի ընթացքում առաջացած իրավական և դատական գործընթացներն ու ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներին առնչվող խնդիրները։
Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրը փաստացի դադարեցված է 2018թ․ հունիսից դեպի հանք տանող ճանապարհների փակման արդյունքում։ Արդեն շուրջ մեկ տարի է՝ Ջերմուկի, Կեչուտի ու Գնդեվազի բնակիչներն այս կերպ պայքարում են իրենց իրավունքների համար և իրականացնում են բնական միջավայրի մասին հոգ տանելու իրենց սահմանադրական պարտքը։ Ջերմուկ համայնքի բնակչությունը 2018թ․ նոյեմբեր-դեկտեմբերին շուրջ 3000 ստորագրությամբ հանրագրի միջոցով վերջնականապես հաստատեց իր դիրքորոշումը համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերության անթույլատրելիության վերաբերյալ, ինչն էլ հաշվի առավ տեղական ինքնակառավարման մարմինը՝ ընդունելով համապատասխան որոշում։
Ամուլսարում հանքարդյունահանման խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնել են նաև տարբեր մասնագետներ, բնապահպաններ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, և պայքարել են, որպեսզի նման աղետալի ծրագիր չիրականացվի։
2018թ․ ամառվանից սկսած՝ Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայցեր է ներկայացրել բնապահպանների, Ջերմուկ համայնքի բնակիչների, իրավապաշտպանների, ՀՀ պետական մի շարք ատյանների դեմ։
Լիդիան Արմենիան հայցադիմումներ է ներկայացրել բնապահպաններ Լևոն Գալստյանի, Անի Խաչատրյանի, լրագրող Թեհմինե Ենոքյանի, իրավապաշտպան-փաստաբան Նազելի Վարդանյանի, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի, Հայկ Գրիգորյանի, Ջերմուկի բնակիչներ Էդմոնդ Աղաբեկյանի և Շիրակ Բունիաթյանի դեմ։ Տարբեր ժամանակահատվածներում լրատվամիջոցներով, անձնական ֆեյսբուքյան էջերում կամ հանրային միջոցառումների ժամանակ այս անձանց արտահայտությունները և բարձրացրած հարցադրումները Լիդիան Արմենիայի իրականացրած գնահատումների թերի լինելու, կոռուպցիոն մեխանիզմներով թույլտվություններ ստանալու, հանցագործ գործունեության, միջհամայնքային կոնֆլիկտներ հրահրելու մասին Լիդիան Արմենիան որակել է իր «բարի գործարար համբավը արատավորելու փորձ և զրպարտություն» և պահանջել է հերքումներ, ինչպես նաև դրամական փոխհատուցում։
ՀՀ դատական ատյաններն ընդունել են այս հայցերը և դրանցից որոշների դեպքում հաստատել նրանց կողմից ֆեյբսուքում ընկերության հասցեին արտահայտվելու մասին արգելանքի միջնորդությունները։ Արդյունքում կալանք է դրվել Շիրակ Բունիաթյանի և Էդմոնդ Աղաբեկյանի գույքի վրա, Անի Խաչատրյանին արգելվել է Լիդիանի հետ կապված «զրպարտող» գրառումներ կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Լիդիանի այս հայցադիմումները Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը գնահատում է որպես ակտիվիստների և ծրագրի խնդիրների մասին բարձրաձայնող անձանց նկատմամբ հետապնդում։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներով անհայտ կամ ֆեյք օգտատերերի ու էջերի միջոցով իրականացվում է զրպարտության կազմակերպված մեդիա-արշավ վերը նշված անձանց և ավելի լայն շրջանակի մարդկանց դեմ։ Նման իրավիճակում, երբ հայտնի չէ զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ անող անձանց և ֆեյսբուքյան էջերի հետևում կանգնած մարդկանց ինքնությունը, հնարավոր չէ օգտվել նույն իրավապահ համակարգից։ Ըստ ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանի, սոցիալական ցանցերում Լիդիանին գովաբանող օգտատերերի մի մասը նաև ակտիվորեն գովաբանում են Ռոբերտ Քոչարյանին։
Բայց մի դեպքով հնարավոր է եղել պարզել, որ ֆեյք օգտատերերից մեկը Լիդիան ընկերության աշխատակից է։ Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գնդեվազի բնակիչ Աննա Ներսիսյանն առանց Թեհմինե Ենոքյան համաձայնության ապօրինի հավաքել է նրա անձնական կյանքին, անձնական շփումներին վերաբերվող և իրենցից անձնական կյանքի գաղտնիք համարվող լուսանկարներ և տարածել դրանք առանց վերջինիս համաձայության՝ Viber հավելվածի միջոցով փոխանցելով «Լիդիան Արմենիա» ընկերության նույն ժամանակվա աշխատակից Հովսեփ Ասոյիանին, ով էլ իր հերթին նշված լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի «Vahagn Hovhannisyan» անձնական էջի միջոցով։
Միևնույն ժամանակ, այս ընթացքում դատական ատյանները վճիռներ են կայացրել՝ բավարարելով Լիդիան ընկերության հայցերը ՀՀ պետական մարմինների, մասնավորապես ոստիկանության դեմ, որտեղ դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը «վերացնել ներխուժումը սեփականության իրավունքով Լիդիան Արմենիային պատկանող տարածքներ», ինչպես նաև հարուցել քրեական գործեր «ինքնիրավչություն և խուլիգանություն իրականացնող» անձանց դեմ (այս վերջինը ենթակա է բողոքարկման)։
Հայկական բնապահպանական ճակատը սա համարում է ժողովրդական հեղափոխությունից դուրս մնացած և կախյալ ու կոռումպացված դատական համակարգի հերթական պրակտիկա։
Ասուլիսի ուղիղ եթերն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝ https://web.facebook.com/armecofront/videos/341094046590967/