Home / Բնապահպանություն / Բնապահպանության նախարարությունը շարունակում է զարմացնել դատավորին

Բնապահպանության նախարարությունը շարունակում է զարմացնել դատավորին

ՀՀ Վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ ապրիլի 17-ին քննվեց Ամուլսարի գործով գնդեվազցիների հայցն ընդդեմ Բնապահպանաության և Էներգետիկայի նախարարությունների։

Նախորդ դատական նիստին Լիդիան Արմենիա կազմակերպության փաստաբան Սայաթ Բադալյանը ներկայացրել էր իրենց երկու փորձագետներին, սակայն գնդեվազցիների փաստաբան Հայկ Ալումյանն առարկեց՝ նշելով, որ փորձագետ Ռայկինը ոչ հավաստի տեղեկություններ է հայտնել դատարանին։ Նա պնդում էր, որ եղել է Ամուլսարի տեղամասում, սակայն Ամուլսարի պահապանները Ռայկինին այնտեղ չեն տեսել։ Հիշեցնենք՝ WWF (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) փորձագետներ Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը ճանաչվել են անկախ փորձագետ և ներգրավվել դատական պրոցեսում։

Այս դատական նիստին քննվեց Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի փաստաբանի՝ իրենց փորձագետներին՝ մասնավորապես պարոն Հարդներին ներգրավվելու մասին միջնորդությունը։ Դատավոր Կարեն Զարիկյանը չընդունեց փաստաբանի միջնորդությունը՝ ասելով, որ փորձագետին առաջադրված հարցերը ենթակա են փոփոխման։ Փաստաբան Հայկ Ալումյանը մինչ այդ կասկածի տակ էր դրել Լիդիան-ի փորձագետների անաչառությունը՝ նշելով, որ այդ անձինք գումար են ստանում ընկերությունից։

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին դատավոր Կարեն Զարիկյանը հարցրեց, թե ինչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ։ Պաշտոնյաները պատասխանեցին, որ կարծիք չունենք։

Դատավոր Կարեն Զարիկյան․ – Ինձ մի փոքր զարմացնում է նախարարության պասիվությունը։ Այս գործի շրջանակներում քննում ենք ձեր կողմից տրված փորձաքննության իրավաչափությունը, դուք ժամանակին եզրակացություն եք տվել , որ նախատեսված աշխատանքները համապատասխանում են մեր օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, հիմա դրանք լրջորեն կասկածի տակ են դրված այս գործի քննության ընթացքում։ Ինչքան ժամանակ է՝ նախարարությունը ներգրավված է, ես ձեզանից մի փաստարկ չեմ լսել հայցվորի փաստարկները հերքող կամ ընդունող։ Նախարարությունը իսկապես հետաքրքրվա՞ծ չի այս գործով, թե դատարանը ինչ որոշում կկայացնի, թույլտվությունները կվերացնի, չի վերացնի, դա չի հետաքրքրո՞ւմ բնապահպանության նախարարությանը։ Իսկ եթե հետաքրքրում է, ինչո՞ւ ես դա չեմ տեսնում․․․

Լևոն Գևորգյան, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ․
– Հարցը նրանում է, որ փորձաքննությունը այսօր վիճարկվում է նեղ մասնագիտական հարցեր են ընդեղ քննարկվել։ Ես, օրինակ, երբեք չեմ փորձի ըտեղ գնահատականներ տալ՝ մեր փորձագետներն են ճիշտ եղել, թե ուրիշ փորձագետ կլինի։ Կոնկրետ սա կքննարկվի, եթե կընդունվի որն է ճիշտ լուծումը, դա էլ կընդունվի։ Ուզում եմ ասեմ նեղ մասնագիտական, ես չեմ կարող ասել ինձ որ տանեն ցույց էլ տան, թե սա Կարմիր գրքյան կենդանի ա, ես չեմ ճանաչում ու չեմ հասկանում, որ ասեմ կա թե չկա։

Դատավոր Կարեն Զարիկյան․
– Ձեր կարծիքով, ե՞ս եմ հասկանում։

Լևոն Գևորգյան․
– Թող մասնագետները իրենց դիրքորոշումները ներկայացնեն, տեսնենք որն է ճիշտ։

Դատավոր․
– Դե մենք հիմա քննարկում ենք՝ պրն Հարդները պետք է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի, թե ոչ։

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ․
– Մենք ոչ էս փորձագետի հետ կարող ենք չափվել, ոչ մյուս։

Դատավոր․
– Ես շարունակում եմ զարմացած մնալ ձեր դիրքրոշումից։

Դատավորը ժամանակ տվեց պատասխանող կողմին նոր հարցեր առաջադրելու վերաբերյալ։ Հաջորդ դատական նիստը մայիսի 20-ին 14։30։