Մարտի 7-8-ին Հայաստան է այցելել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբորտիի գլխավորած պատվիրակությունը: Այս առիթով և ՎԶԵԲ-ի վարկային գործունեությունը գովերգող հրապարակումների ֆոնին ուզում ենք հիշեցնել, որ այս բանկը Lydian International (Լիդիան) ընկերության բաժնետերերից է (7 մլն եվրոյի չափով բաժնետոմսերի տեսքով) և Ամուլսարում ոսկու հանքարդյունահանման ծրագրի նախնական ու շահագործման փուլերի գլխավոր վարկատուներից մեկը (շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բանկը շարունակում է աջակցել և ֆինանսավորել Լիդիանին նաև շինարարության փուլում՝ անտեսելով 2013 թ-ից մինչ օրս տեղացիների, բնապահպանների, ՀԿ-ների, այլ մտահոգ անձանց ուղարկած բազմաթիվ բողոքներն ու դիմումները` կից գիտական հիմնավորումներով, ինչպես նաև մինչ օրս change.org ինտերնետային հարթակում ֆինանսավորումը դադարեցնելու պահանջով հավաքվող ստորագրահավաքը։ Նշենք, որ ՎԶԵԲ-ը նաև հանդիսանում է Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով Լիդիանին 24 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրած Ամերիաբանկի խոշոր բաժնետերերից մեկը։
Բանկի ներդրումային ստանդարտները «միջազգային բարձր ստանդարտներ» հորջորջած ընկերությունը, նրան սպասարկող լրատվամիջոցները և հենց ինքը ՎԶԵԲ-ն այժմ փաստի առջև են կանգնել Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից շինարարական աշխատանքների դադարեցման և հանքին դեմ լինելու պատճառով։ Բանկի գիտությամբ՝ Լիդիանը բանկից փող ստանալու համար նախատեսված ներդրումային 8 ստանդարտներից 7-րդը՝ Տեղաբնիկների իրավունքներին վերաբերող ստանդարտը, ընդհանրապես հաշվի չի առել ու չի ձեռնարկել համապատասխան գործողություններ, քանի որ համարել է, որ Ամուլսարի մերձակայքում չկան տեղաբնիկներ, ուստի նրանց կարծիքը հարցնելու և իրավունքները հատուկ պաշտպանելու կարիք չկա։ Նրանց պատկերացմամբ, թերևս, տեղաբնիկները գաղութարարների կողմից ճնշված կամ ոչնչացման եզրին հասցված ժողովուրդներն են։ Սա ինքնին գաղութային մտածելակերպ ու լեզու է, որն աշխատել է տնտեսական գաղութարարությամբ զբաղվող ընկերության ու բանկի դեմ:
Ինչ վերաբերում է ՎԶԵԲ-ի այլ ստանդարտներին, 2019թ․ հունվարին Վայրի բնաշխարհի բալկանյան միության հրապարակած զեկույցը մանրամասնում է, թե Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման ծրագիրը ներդրումային ո՛ր ստանդարտները և կենսաբազմազանությանը վերաբերող միջազգային ո՛ր նորմատիվներն ու կոնվենցիաներն է խախտում։
Իսկ Ամուլսարում հանքարդյունաբերության սոցիալական ազդեցությունների մասով ՎԶԵԲ-ը հիմնականում վտանգներ է տեսնել ալկոհոլի չարաշահման և հանցագործությունների աճի մասով, ինչպես նաև գենդերային առումով՝ մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց, սեռավարակների և սեռական բռնությունների ավելացում, ինչը կանխարգելելու համար առաջարկվել է բնակչությանն անվճար պահպանակներ բաժանել և դասընթացներ կազմակերպել կանանց ու աղջիկների շրջանում. ավելի մակերեսային մոտեցում ուղղակի դժվար է պատկերացնել:
Այս հայտարարությամբ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն իր քննադատությունն ու անվստահությունն է հայտնում ՎԶԵԲ-ի նկատմամբ՝ ինչպես Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը ֆինանսավորելու և առաջ մղելու, հանրության շահերն ու կարծիքը բացարձակ անտեսելու, Հայաստանի ներքին օրենսդրության ու միջազգային բնապահպանական կոնվենցիաների խախտմանը մեղսակցելու, այնպես էլ խիստ քննադատելի այլ ծրագրերի ֆինանսավորման համար, ինչպիսին, օրինակ, եվրոպական չափանիշներն ուղղակիորեն խախտող նոր աղբավայրեր կառուցելու և ոչ թե աղբի վերամշակում իրականացնելու ծրագրեր ֆինանսավորելն է։
ՀՀ կառավարությանն էլ կոչ ենք անում խոշոր ֆինանսական հաստատությունների հետ գործարքներ և նոր վարկային ծրագրեր քննարկելուց ու Հայաստանի ժողովրդի ուսերին դրանք բեռնելուց առաջ լայն հանրային քննարկումներ կազմակերպել ու ստանալ հանրային հավանություն։
Ամուլսարը լեռ է մնալու: ՎԶԵԲ-ի անտեսած տեղաբնիկները թույլ չեն տալու, որ Ամուլսարում և Վայոց Ձորի մարզում որևէ մեկը հանք շահագործի:
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]