Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել են Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Ղարաբաղի մայրաքաղաքի ավագանու անդամներին:
Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին, ըստ քաղապետարանի հաղորդագրության, հանդիպման ժամանակ ասել է Վահե Խաչատրյանը։
«Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ ավագանիների ակտիվ համագործակցությունն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնելու փոխգործակցության շրջանակները:
Հայկական երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը»: