Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքում աշխատակիցները փակել են ջրային տնտեսության շենքի մուտքերն և պահանջում են չվճարված աշխատավարձերը:
Աշխատակիցների խոսքով՝ ջրային տնտեսության անձնակազմը ամիսներ շարունակ չի վարձատրվում կատարված աշխատանքի համար․ որոշները հինգ ամիս, իսկ ոմանք մեկ տարուց ավել է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Հարկային պարտավորությունների չկատարման պատճառով ջրային տնտեսության հաշիվների վրա կալանք է դրված, արդյունքում՝ հիմնարկի ադմինիստրացիան չի կարողանում կուտակված և ընթացիկ վճարումները կատարել։
Նոր տնօրենը՝ Ռազմիկ Գաբրիելյանը, ով երկու ամիս առաջ է նշանակվել պաշտոնին, ստեղծված իրավիճակի հետ կապ չունի և չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, որն առաջացել է դեռ 2017 թվականին՝ 6 տարբեր ՋՕԸ֊ի միավորումից հետո․
― Տնօրենը ի՞նչ մեղք ունի։ Տնօրենը էս քանի ամսվա աշխատող է, ի՞նչ ասի այս տնօրենը։ Կալանք է դրված հիմնարկի սաղ աշխատավարձերի վրա՝ նախկին տնօրենի օրոք գոյացած հին պարտքերի պատճառով։
― Այստեղ նոր տնօրենի հարց չկա, Կարեն Կարապետյանի հարցը կա։ Էս հիմնարկը քանդել է Կարեն Կարապետյանը․ բերեց իրա մարդկանց, միավորեց, սաղին գցեց էս վիաճկի մեջ ու գնաց։ Այս հիմնարկը Կարեն Կարապետյանի հետ Քոչարյան Կարենն է քանդել։ Այ էսքան մարդու հացին վայիս էդ մարդն ա եղել։
― Որտեղ ասես, մեր նոր տնօրենը դիմել է։ Փող չեն հատկացնում։ Հիմնարկը պարտքեր ունի։ Այդ պարտքերը հիմա որտեղի՞ց հավաքեն։ Ուրեմն՝ դոտացիա պետք է տան, որ մենք կարողանանք աշխատել։ Հետո կամաց֊կամաց փակվի այդ ամեն ինչը։ Մարդիկ մեկ տարի, տարիուկես, երկու տարի աշխատավարձ չեն ստացել, ի՞նչ անեն այդ մարդիկ։ Եթե թողնեն գնան, իրենց հետո այդ փողերը չեն տա։
Մինչև աշխատավարձերը չփոխանցվեն, աշխատակիցները մտադիր են շարունակել բողոքի ցույցերն ու բոյկոտել աշխատանքը։ Նրանք դիմել են նաև կառավարություն, որը երկու օր ժամանակ է խնդրել։
Տնօրեն Ռազմիկ Գաբրիելյանը հորդորեց ցուցարարներին ամեն դեպքում շարունակել դուրս գալ աշխատանքի և սպասել, մինչև հարցին լուծում տրվի․ «Մենք համապատասխան ղեկավարությանը տեղեկացրել ենք, որ ջրամատակարարման աշխատանքները դադարեցված են։ Այսինքն՝ ձեր բողոքը տեղ է հասել»։
Ցույցի մասնակիցների որոշեցին, որ բողոքի ակցիան կշարունակեն երկուշաբթի օրը՝ հունիսի 3-ին։