Կիրակի Չեխիայի մայրաքաղաքում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը։
Ըստ կազմակերպիչների՝ մայրաքաղաքի Լետնա այգում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է շուրջ 250 հազար, իսկ ոստիկանության տվյալների համաձայն՝ շուրջ 200 հազար ցուցարար, ինչը 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից ի վեր ամենամարդաշատ բողքի ակցիան է Չեխիայում։
Վարչապետ Բաբիշի հրաժարականի պահանջով ցույցերը մեկնարկել են 2019 թվականի ապրիլին։ Ավելի վաղ Բաբիշի դեմ հարուցվել է քրեական գործ․ նա մեղադրվում է Եվրամիության հիմնադրամների հետ կապված խարդախությունների մեջ։ Բաբիշի մերձավորներին պատկանող ընկերությունները, ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով գումարներ են ստացել Եվրամիությունից և յուրացրել երկրին տրամադրվող ֆինասական աջակցությունը։
Ցույցերի ընդլայնման համար խթան է հանդիսացել նաև արդարադատության նախարարի նոր նշանակումը․ ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ Մարիա Բենեշովան՝ Բաբիշին աջակցող նոր նախարը, կփորձի ազդել արդեն ավարտին մոտեցող նախաքննության վրա կամ, առնվազն, ձգձգել այն։
Հանրահավաքներին միացող մարդկանց քանակը գնալով աճում է, խնդիրը քննարկվում է խորհրդարանում։ Վարչապետ Բաբիշը մերժում է բոլոր մեղադրանքները և խուսափում առարկայական բացատրություններ ներկայացնելուց։ Նրա խոսքերով՝ հրաժարականի պահանջներն անհիմն են, իսկ ցույցի կազմակերպիչները «եթե ինչ-որ բանից դժգոհ են, կարող են կուսակցություն հիմնել»։
Հիշեցնենք, որ նախկին կոմունիստ, այժմ վարչապետ Անդրեյ Բաբիշը Չեխիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նրան են պատկանում մի շարք խոշոր ընկերություններ և ԶԼՄ-ներ։ 2017 թվականից նա ղեկավարում է Չեխիայի կոալիցիոն կառավարությունը, որի ձևավորմանը մասնակցել են նաև կոմունիստական կուսակցության պատգամաբորները։