«Պաշտպանության նախարարության հավերժական մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բուն գործունեությունը ապատեղեկատվության տարածումն է, ընդ որում, այդ տեղեկատվությունից բաժին է հասնում նաև նախարարին: Սա մտահոգիչ է: Այսօր հերթական այդպիսի մի գրառում է կատարել ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որ նա բուժվել և հիվանդանոցից հեռացել է անհայտ ուղղությամբ», – «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում հուլիսի 15-ին գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
ՊՆ խոսնակն, ըստ նրա, ստում է․ «Դեռ մեկ շաբաթ առաջ պարբերաբար զանգել և տեղյակ ենք պահել, որ զինծառայողին դուրս են գրելու և այլևս իրավունք չունեն պահել ռազմական ոստիկանությունում, այսինքն պետք է կարգավորել այդ հարցերը, սակայն ոչինչ չեն արել: Բժիշկները դուրս են գրել հիվանդ տղային, մինչև դուրս գրելը մենք կապ ենք հաստատել ՊՆ մարդու իրավունքների բաժնի, ինչպես նաև ռազմական ոստիկանության բաժնի պետերի հետ, տեղյակ ենք պահել ընթացքի մասին: Բանակ զորակոչված Յուրիկ Բրոյանը, հավանաբար, կազատվի բանակից, նա հիվանդ վիճակում էր զորակոչվել, բայց նրա վիճակը այս մեկ տարվա ընթացքում վատթարացել է անդառնալիորեն: Պատճառը՝ բանակում զինծառայողի նկատմամբ վատ վերաբերմունքն է, անգամ մամուլի խոսնակի կողմից»։
Երեկ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Զիծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս։ Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս: Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»:
Հուլիսի 16-ին մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած․ «Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»։
ՊՆ-ի որակմամբ ծառայության վերադառնալու ցանկություն չունեցող զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանն ավելի վաղ պատասխանել էր Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հայտարարությանը՝ այն խայտառակություն որակելով․ «Նախ՝ զինծառայողը չի բուժվել, այլ՝ զորամասում, ռազմականում բռնության ենթարկվելուց հետո այժմ Յուրիկ Բրոյանի բուժումն անհնարին է դարձել, ուստի, Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնը նրան դուրս է գրել և արձանագրել այն փաստը, որ չի բուժվում:
Անձամբ մեկ շաբաթ առաջ եմ խոսել բժիշկների հետ, ովքեր հավաստիացրել են, որ պիտանի չէ ծառայությանը, երկրորդ՝ անձամբ մեկ շաբաթ առաջ եմ տեղեկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ վստահորդիս դուրս են գրում, ուղարկեն տուն, խնդրել եմ մի քանի օր ուշ դուրս գրել, որպեսզի զորացրման հարցը պաշտպանության նախարարությունը հասցնի պաշտոնապես կարգավորել, սակայն, ինչպես տեսանք, մինչ օրս որևէ քայլ չէր ձեռնարկվել, և պաշտպանության նախարարության անկազմակերպվածության արդյունքում, զինծառայողին դուրս էին գրել, մոր հետ ուղարկել տուն:
Չորրորդ՝ բավական չէ այն, որ իմ վստահորդի համար ստեղծել էին այսպիսի պայմաններ, դեռ մի բան էլ ստահոդ լուրերով հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա և զրպարտում»։