Ստամբուլյան կոնվենցիայի կարգավորման առարկան բռնության կանխարգելումն է և ճիշտ պատժելը, աջակցելը, որ զոհերը ստանան օգնություն։ Այդ ո՞ր ավանդական արժեքի մեջ է մտնում բռնությունը։ Կոնվենցիան ընտանիքի կոնցեպտ չի սահմանում, ինքը երկրների վրա նոր ավանդական արժեքներ ներմուծելու պարտավորություն չի դնում, հակառակը, ավանդույթների մասին ասվող միակ բանը այն է, որ չպետք է ավանդույթները բերվեն որպես հիմնավորում՝ բռնությունն արդարացնելու համար։ Այս մասին օգոստոսի 1-ին՝ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։
Ստամբուլի կոնվենցիան կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» Հայաստանը ստորագրել է 2018 հունվարին։ Այժմ բուռն քննարկումներ են ծավալվում դրա վավերացման շուրջ։ Քննադատողների մեծ մասը կոնվենցիան դիտարկում է՝ հակադրելով ավանդական արժեքների սեփական պատկերացումներին:
Քրիստինե Գրիգորյանը նշում է, որ քննադատական կարծիքները մեծամասամբ կապված չեն բուն կոնվենցիայի տեքստի հետ։ Ավելի հաճախ քննարկվում և մեջբերվում է դրան կից զեկույցը, որն իրավական ուժ չունի։ Այն պարզապես բացատրում է, թե տարբեր երկրներ ինչպես կարող են իրենց օրենսդրության մեջ տեղավորել կոնվենցիա դրույթները և, բնականաբար, կարող է պարունակել պնդումներ և սահմանումներ, որոնք հասկանալի չեն հայաստանյան հասարակության համար։
«Որևէ կոնվենցիա, այդ թվում այս կոնվենցիան ավանդական արժեքի դեմ ուղղված չէ, սա արժեքներ փոխելուն միտված կոնվենցիա չէ։ Կոնվենցիայի կարգավորման առարկան բռնության կանխարգելումն է և ճիշտ պատժելը, աջակցելը, որ զոհերը ստանան օգնություն․․․ Էդ ո՞ր ավանդական արժեքի մեջ է մտնում բռնությունը․․․Միակ բանը այն է, որ չպետք է ավանդույթները բերվեն որպես հիմնավորում՝ բռնությունն արդարացնելու համար»։
Փոխնախարարի խոսքով կոնվենցիան նախատեսում է․
– Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջոցներ (կրթություն, տեղեկատվության հասանելիություն)
– Համապատասխան իրավական մեխանիզմների սահմանում, ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության յուրահատկությունները հաշվի առնող առանձին քրեական հոդվածների մշակում
– Ոստիկանության, սոցիալական աշխատողների, հոգեբանների կողմից մասնագիտական աջակցության տրամադրում զոհերին
– Արձագանքման արագ միջոցներ․ ապաստարանները, թեժ գծեր և այլն։
Քրիստինե Գրիգորյանը կարծում է, որ թյուրընբռնման պատճառ կարող է լինել նաև այն, որ կոնվենցիան որպես ծավալուն փաստաթուղթ չի ընթերցվում կամ ընթերցվում է հատվածաբար, ինչը, սակայն, չի խանգարում հանրայնորել քննդատել այն։ Բացի այդ, կոնվենցիայի շուրջ աղմուկը ամբողջությամբ տեղավորվում է օրվա քաղաքական իշխանության դեմ ուղղված քննադատության շրջանակում։ Անդրադառնալով հեռուստաալիքներին, որոնք ջանքեր են գործադրում կոնվենցիայի վերաբերյալ բացասական կարծիք ձևավորելուն ուղղությամբ, փոխնախարարը ասում է․ «Այդ նույն հեռուստաընկերությունները ցուցադրում են սերիալներ, որոնցում հստակ ցույց են տալիս կնոջ կարծրատիպային դերը, որ կինը պետք է լինի խոհանոցում, որ կինը, ոչինչ, մի օր էլ կարող է բռնության ենթարկվել, եթե տղամարդը մի քիչ նեղված է եկել տուն, այսինքն եթե այս տեսակ սերիալներ ենք ցուցադրում, պետք է հասկանանք, թե ինչ ենք քարոզում և թե ինչու է կոնվենցիան ասում, որ պետք է հասարակության մեջ փոխել այս ստերեոտիպային դերերը»։