Ձերբակալվել են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և ընկերությանը ծառայություններ մատուցած «Էլիպս»-ի հաշվապահը: Լուրը հաստատել է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակներում «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից: Ընկերության տնօրենը խոսել էր նաև կեղծ հաշիվ-ապրանքագրերի մասին։
Նշենք, որ տարիներ շարունակ խոսվում էր այն մասին, որ ընկերության հետևում կանգնած է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը։