Հոնկոնգում արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիաներին միացել են ուսանողներն ու դպրոցականները։ Նրանք պատրաստվում են շարունակել դասադուլը մինչև երեքշաբթի և պահանջները չկատարելու դեպքում կրկնել նույնը ամեն շաբաթ։ Դասադուլին միացել է ավելի քան 9000 ուսանող և դպրոցական շուրջ 200 կրթական հաստատություններից։
Դպրոցականները հավաքվել էին իրենց դպրոցների մոտ և լոզունգներ էին գոռում՝ անտեսելով նոր ուսումնական տարվա սկզբի տոնակատարությունը։ Նրանք բողոքի ակցիաներին միացան պաշտոնական Պեկինի հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ հանրահավաքների մեղավորը Հոնկոնգի արևմտամետ կրթական ծրագիրն է։
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին ցուցարարներն արգելափակել էին Հոնկոնգի միջազգային օդանավակայանի մուտքերն ու փակել դեպի օդանավակայան եկող գնացքների ճանապարհը։ Փակ էին նաև մետրոյի որոշ կայարաններ։ Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է մետրոն, բերման է ենթարկվել ավելի քան 40 ցուցարար։
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են հունիսի սկզբից։ Ցուցարարները դեմ են Պեկինի՝ Հոնկոնգի նկատմամբ վերահսկողության խստացմանը։ Պահանջում են արտահանձնման օրենսդրական նախագծի անժամկետ չեղարկում, տեղական կառավարության հրաժարականը, ընտրական իրավունքի բարեփոխումներ։