Էլեկտրիկ Երևան
ՀՔԾ-ն եկրորդ անգամ կասեցրեց Էլեկետրիկ Երևանի գործը, քննիչը այդպես էլ չցանկացավ հայտանբերել տեսախցիկների ներքո բռնություն կիրառած անձանց։ Փոխարենը նրանցից շատերը բարձր պաշտոններ ստացան։ Հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգը բռնություն կիրառած ոստիկաններին հեռացնելու և հանցագործությունը ընդունելու համար ոչ մի էական քայլեր չձեռնարկեց։ 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում էլետրաէներգիայի թանկացման դեմ պայքարած քաղաքացիներից 250-ին բերման ենթարկեցին ոստիկանություն։ Ջրցանի կիրառումից և քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնությունից բազմաթիվ անձինք ստացան վնասվածքներ, նրանցից 52-ը միայն տուժող ճանաչվեցին։
Լրագրողական հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն տեղեկցնում է, որ հարցաքննվել են մոտ 200 ոստիկանության ծառայողներ, որից միայն 4-ին է մեղադրանք առաջադրվել 164-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց վերաբերյալ արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Թերևս սա 4 տարի ընթացած քրեական գործով նախաքննության միակ արդյունքն է։
Անտոն Իվչենկոն հիշում է, թե ինչպես իրեն քաշ տվեցին ոստիկանական մեքենա, առավել քան 17 ժամ ոստիկանական բաժնում պահել։ Այդ օրը նման վերաբերմունքի են արժանացել հարյուրավոր մարդիկ։ 4 տարի անց հրաման արձակողների նկատմամաբ չկա որևէ մեղադրանք։ 22 լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք չառաջադրվեց փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, չնայած այն հանգամանքին, որ բռնություն էր կիրառվել, տեսախցիկները ջարդվել էին, տեսանյութերը՝ ոչնչացվել։
Այդ ոստիկանների դեմքերը ֆիկսված էին տեսախցիկներով, անգամ տուժած քաղաքացիները ցուցմունքներում հայտնել են իրենց հարվածող ոստիկանների տվյալները, սակայն ՀՔԾ քննիչը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի այդ անձանց հայտնաբերի և համապատասխան մեղադրանք առաջադրի։ Ապօրինի հրաման արձակելու համար մեղադրանք չի առաջադրվել նաև Երևանի նախկին ոստիկնապետ Աշոտ Կարապետյանին, Երևանի փոխոստիկանապետ, արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, և նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանին։
2019 թվականի մարտի 4-ին ՀՔԾ-ում որոշում կայացվեց հարուցված քրեական գործը կասեցնել՝ մեղադրյալների կարգավիճակում ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով։ Սակայն, երբ հրապարակվեցին 40 ոստիկաններից 20-ի տվյալները, ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրեց ՀՔԾ որոշումը։ Կասեցված և վերաբացված քրեական գործը կրկին կասեցվեց 2019 թվականի հուլիսի 29-ին նույն պատճառաբանությամբ՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն։ Այս գործով միակ քննիչ Վազգեն Ավետիսյանը տուժողներին ուղարկված փաստաթղթում գրել է, որ ԱԱԾ-ն օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել, սակայն դրական արդյունքներ չի տվել։
Սարի Թաղ
ՊՊԾ գունդը գրաված “Սասնա ծռեր” խմբավորման գործողություններին համերաշխհ քաղաքացիների նկատմամբ 2016-ի հուլիսի 17-29-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից կիրառվեց արցունքաբեր գազ, բռնի գործողություններ, հրդեհվեցին Սարի Թաղի տները, պատճառվեց նյութական վնաս։ Տասնյակ քաղաքացիներ և լրագրողներ հայտնվեցին հիվանդանոցում ծանր մարմնական վնասվածքներով և այրվածքներով։ Առողջապահության նախարարությունն արձանագրեց՝ 46 անձ դիմել է հիվանդանոց։
Հուլիսյան այդ դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման են ենթարկվել մոտ հազար քաղաքացիներ։ Արդարադատության հեղված պատկերը ակնառու է հուլիսի 19-ի դեպքերով․ ոստիկանության սադրանքին ի պատասխան Սարի Թաղից քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, ինչի համար տեղացիներից ոմանք դատապարտվեցին ազատազրկման։ Մինչդեռ մեկ այլ դրվագով նույն ոստիկաններին մինչև հիմա ՀՔԾ-ն չի հայտնաբերում որպես մեղադրյալ։ Մեղադրանք չի առաջադրվել նաև Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանին՝ ապօրինի հրաման արձակելու համար։
Հուլիսի 29-30-ի դեպքերով տուժող ճանաչվեցին 167 քաղաքացի, 25 լրագրող, 3 փաստաբան, 133 հավաքի մասնակից։ Ազատազրկվեցին տասնյակ քաղաքացիներ։ Քաղաքական գործիչ, Սարի Թաղի դեպքերով տուժող Անդրեաս Ղուկասյանը գրեթե 2 տարի գտնվեց անազատության մեջ։ Նրա խափանման միջոցը փոխվեց միայն 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, սակայն քրեական հետապնդումը առ այսօր շարունակվում է։ ՊՊԾ գնդի գրավման մասնակցիներից միյան երկուսն են գտնվում անազատության մեջ, Սարի Թաղի դեպքերով կալանավորված մնացած բոլոր անձանց խափանման միջոցը փոխվեց։
Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ մեղադրանք էր առաջադրվել 9 քաղաքացու, որոնցից մեկը ոստիկան էր։ 3 տարվա նախաքննության արդյունքներով հուլիսի 29-ի դեպքերով ՀՔԾ-ին հաջողվել է հայտնաբերել միայն տեսախցիկների ջարդված դետալները։ Այժմ ՀՔԾ-ում այդ օրերի դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցվել են։
2016-ի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Մնաց Ալեքսանյանն և նրա մայրը արնաշաղախ առաջին պատահած մեքենայով հասել են հիվանդանոց, լուսաձայնային նռնակը պայթել էր ոտքերի տակ։ Մնաց Ալեքսանյանը տարել է ծանր վիրահատություն։
2016 թվականին Սարի Թաղի դեպքերի ժամանակ հրաման արձակողների մեջ եղել են Վլադիմիր Գասպարյանը, Աշոտ Կարապետյանը, Հունան Պողոսյանը, Լևոն և Լեռնիկ Երանոսյանները և այլոք։ Չնայած այն հանգամանքին, որ այս բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս չեն աշխատում ոստիկանական համակարգում, սակայն նրանց նկատմամբ Նոր Հայաստանում այս գործողությունների համար մեղադրանք չառաջադրվեց։
Գրեթե նույն գործողությունները տեղի են ունեցել 2018-ի ապրիլին։ Այս պարագայում մեղադրանք է առաջադրվել միայն Լևոն Երանոսյանին՝ հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու և իր լիազորություններից դուրս գալու և էական վնաս քաղաքացիներին պատճառելու համար: Սակայն 2015-2016 թվականներին Լևոն Երանոսյանի գործողությունները չարժանացան իրավապահ մարմինների ուշադրությանը և քրեական գնահատականին։
2018 թ․ Թավշյա հեղափոխություն
Մինչ 2018 թվականի ապրիլյան դեպքերը որակվեցին որպես թավշյա հեղափոխություն։ Ապրիլի 16-23-ը ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ։ Թամարա Սարյանի և իր անչափահաս դստեր նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել, անհարգալից և արժանապատվությունը նվաստացնող վարք դրսևորել։ Ճանապարհին սպառանցել են, թե մամայիդ կնստեցնենք։ Աղջիկն արդեն մեկ տարի է հաճախում է հոգեբանի մոտ՝ ոստիկաններից վախը հաղթահարելու համար։ ՀՔԾ պատասխանի համաձայն, այդ օրերին հարուցված գործերից մեկով նախաքննության ընթացքում 92 անձ ներգրավվել է որպես տուժող, որոնցից 7-ը լրագրողներ են, 8-ն՝ անչափահաս։
Հեղափոխությունից ընդամենը 2 ամիս անց քրեական գործերը կարճվել են։ Այդ օրերին արձանագրվեց ավելի քան 1000 քաղաքացիների բերման ենթարկելու դեպքեր։ Լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածնքեր՝ սալջարդ, գլխուղեղի ցնցում։ ՀՀ ոստիկանության իրավաբանական բաժինն ասում է, որ 2018 թ․ ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին ոստիկանությունը օգտագործել է 4 հատ Զարյա, 2 հատ անբեկոր լուսաձայնային նռնակ, 2 հատ լուսաձայնային գործողության նռնակով կրակոց՝ “սվիրել”։
Այդ օրերի գործողություններով փաստաբան Հայկուհի Հարությունյանին ՀՔԾ-ն պատասխանել էր, որ հարուցվել էր 13 քրեական գործ, սակայն հետո այդ գործերը միավորվեցին երկուսի մեջ։ Լրագրողական հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ այժմ կա հարուցված 8 գործ։
Ըստ ՀՔԾ-ի ընթացք է տրվել 104 քաղաքացիների նկատմամբ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց վատ վերաբերմունքի, բռնությունների վերաբերյալ հայտարարություններին։ 2019-ի փետրվարի հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ 10-ը դեպքերը վերաբերվում են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն։ Հանրորեն վտանգավոր գործողություններ կատարելու մեղադրանքով 3 ոստիկանի նկատմամբ է միայն մեղադրական եզրակացություններ է կազմվել և ուղարկվել դատարան։
Մեքենաների վնասման դրվագներով քրեական հետապնդում իրականացվել է ոստիկանական 2 ծառայողի նկատմամբ։ ՀՀ ոստիկանության 5 ծառայողներ ներգրավվել են որպես մեղադրյալ։
Եզրակացություն․ քաղաքացիների գրպանից քաղաքացու խախտված իրավունքների փոխհատուցման համար
Այս տարիներին տեղի ունեցած հանցագործությունների փաստերով անարդյունավետ քննությունը հանգեցրել է իրավապահ համակարգի նկատմամբ անվստահության։ Նախորդ կառավարության ներկայացուցիչները հորդորում էին քաղաքացիներին մոռանալ այդ դեպքերը, ձևական քննություն էին տանում ՄԻԵԴ-ում տարրական պաշտպանություն ունենալու համար և ոչ մի քայլ՝ հանուն արդարադատության կայացման։
Հետհեղափոխական Հայաստանում այս գործերի կասեցումը ապացույցն է այն բանի, որ իրավապահ համակարգը պատրաստ չէ իր սխալներն ընդունել: Նման վիճակը հանգեցնելու է պետության դեմ մեծածավալ տուգանքների, որը պետք է վճարվի պետական բյուջեից։
Թեհմինե Ենոքյան