Մեկ շաբաթ առաջ ավարտվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Ըստ մեղադրանքի` Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լյովա Երանոսյանին առաջադրված մեղադրանքի մասին Epress.am-ի տաղավարում զրուցել ենք ԻՊԱՍ ՀԿ փաստաբան Հայկուհի Հարությունյանի և լրագրող Ռոբերտ Անանյանի։ Խնդիրն այն է, որ գեներալին մեղադրանք չի առաջադրվել 2015 թվականին «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի հուլիսի 17-29 ընկած հատվածում նրա կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, որոնք շատ ավելի լուրջ մեղադրանքներ էին, քան 2018-ի ապրիլ ամսվանը։
Հայկուհի Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ տվյալներով դատարանում ներկայացվում է, որ հուլիսի 29-ին «Զարյա» տեսակի հատուկ միջոցից բացի օգտագործվել են այլ տեսակի զինատեսակներ ևս, որոնց իրավունքը չկար։
Ռոբերտ Անանյանը այն լրագրողներից մեկն է, ով ծանր վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում։ 3 տարվա մեջ նա կարիք է ունեցել լրացուցիչ բժշկական սպասարկման, դեղորայքների, սակայն լրագրողի իրավահարաբերությունները պետության հետ ավարտվել են հիվանդանոցից դուրս գրվման օրը։ Ռոբերտն ասում է, որ իրենք պետության թշնամիները չեն, որ ուրախանան ՄԻԵԴ ուղարկված գործերի վճիռներով և պետական բյուջեից գումարներ բռնագանձելով։ Նա համոզված է, որ իրավապահ մարմինները նախկին ռեժիմի ծառաներն են, ովքեր կոծկել են մարտի 1-ը և ոչ միայն։ Միջազգային հարթակներում Նիկոլ Փաշինյանին հարցեր են տալու, թե ժողովրդավար երկրում հեղափոխությունից հետո ինչպես է հնարավոր եղել ՄԻԵԴ-ում մարդու իրավունքների և ազատությունների խախտման հիմքերով այս տեսակ վճիռներ ունենալ։
Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ պետությունը պարտավոր է պատշաճ իրավական գնահատական տալ այս գործերին հաշտեցման մեխանիզմներ կիրառել և վերականգնել մարդկանց ֆիզիկական, բարոյական, հոգեբանական վնասը, հակառակ դեպքում վաղ թե ուշ դա արվելու է ՄԻԵԴ-ի կողմից։