հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / 1 տարի անց․ Սարի թաղի 10 բնակիչներն անորոշ վիճակում բանտում են

1 տարի անց․ Սարի թաղի 10 բնակիչներն անորոշ վիճակում բանտում են

1 տարի առաջ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում ոստիկանների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որի հետևանքով 10 բնակիչ կալանավորվեց՝ քրօրի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը)։ Եթե մեղադրանքը հաստատվի, ապա նրանց սպասում է 5-10 տարվա ազատազրկում։

Մինչ ձգձգումներով ընթանում են դատական նիստերը, կալանավորվածները հոգեպես ծանր վիճակում են, քանի որ չգիտեն՝ իրենց կդատապարտեն, թե ոչ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել են կալանավորվածների հարազատները։

Սարի թաղի կալանավորված բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը մեկ տարի շարունակ պայքարում է ամուսնու դեմ հարուցված քրեական գործը բեկանելու համար։ Նա և մյուս կալանավորների կանայք տարբեր պետական կառույցների մոտ ակցիաներ են անցկացրել։ Վերջինս անընդհատ բարձրաձայնել է, որ ամուսինը ունի առողջական խնդիրներ՝ կապված սրտի և ողնաշարի հետ։

Կալանավորվածներից 5-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն անդրադարձել է դատական պրոցեսին։ Նրա խոսքով՝ դատական նիստերը մեծ ընդհատումներով են տեղի ունենում, անհարկի ձգձգվում են դրանք, իսկ հիմա էլ դատավորների արձակուրդի պատճառով դադարեցրել են նիստերը․ «Նրանց չի հետաքրքրում, որ ողջամիտ ժամկետում անեն դատական նիստերը»։

1 տարի է ինչ քրեական գործը հարուցված է և քննվում է, սակայն մինչև հիմա հասկանալի չէ, թե այդ 10 անձանցից, որը կոնկրետ որ գործողության համար է մեղադրվում։ Բոլորին առաջադրված է մեղադրանք, որ մի խումբ անձանցով քարերի օգնությամբ բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, սակայն մեղադրանքը կոնկրետացված չէ։

Գործը բաժանվել է 4 մասի՝ դրանցից մեկով անցնում է 4 մարդ, մյուսով՝ 3, ևս մեկով՝ 2 և վերջինով 1 մարդ։ Ըստ փաստաբանի՝ գործը միտումնավոր է կիսվել 4 մասի՝ ողջամտության սկզբունքը խախտելու նպատակով։

«Այսինքն՝ եթե նույն անձը՝ տուժողը, գալիս է մի անգամ է հարցաքննվում, դա ուրիշ ազդեցություն է թողնում, բայց եթե անձը առաջին անգամ եկավ հարցաքննվեց, արդեն իրեն տեսանելի եղան, թե ինքը ինչ բացեր թույլ տվեց։ 2-րդ անգամ նա հնարավորություն է ունենում ուղղելու, վերջում դարձնում է իդեալական», – ասել է Լիպարիտ Սիմոնյանը։ Նշենք, որ հարցաքննված տուժող ոստիկաններից ոչ մեկը մեղադրյալներին չի ճանաչել։

Սարի Թաղի 10 բնակիչները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։