Home / Բնապահպանություն / Հայաստանցիները մասնակցում են կորպորացիաների անպատժելիության դեմ արշավին

Հայաստանցիները մասնակցում են կորպորացիաների անպատժելիության դեմ արշավին

Հոկտեմբերի 12-19-ը Ժնևում անց է կացվում «Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթը», որը կազմակերպվում է ավելի քան 250 կազմակերպությունների, արհմիությունների, նախաձեռնությունների համաշխարհային շարժման կողմից: Շարժման նպատակն է վերջ տալ կորպորացիաների սանձարձակ իշխանությանը ու անպատժելիությանը և վերանվաճել ժողովուրդների ինքնիշխանությունը:

Մոբիլիզացիայի շաբաթվա ընթացքում նախատեսված են տարբեր շարժումների ու նախաձեռնությունների ակցիաներ ցույցերի տեսքով, հանդիպումներ ու կորպորացիաներին վերաբերող ՄԱԿ-ի նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ ՄԱԿ-ում, ելույթներ Ժնևի համալսարանում, ինչպես նաև զուգահեռ ակցիաներ այլ երկրներում:

Կորպորացիաների անպատժելիության դեմ «Համաշխարհային արշավ»-ն արձագանք է վերջին տասնամյակներին մեծ թափ ստացած միջպետական երկկողմ առևտրային ու ներդրումային համաձայնագրերի կնքմանը ու դրանց հիմքով կորպորացիաների համար անսահմանափակ պաշտպանություն ու անպատժելիություն  ապահովելուն, ինչպես նաև համաձայնագրերի շնորհիվ պետություններից անարդար ու գաղտնի արբիտրաժների միջոցով ահռելի գումարներ կորզելուն:

Հայաստանը նույնպես ունի ներդրումային ու առևտրային պայմանագրեր բազմաթիվ պետությունների հետ, որտեղ գրանցված ընկերություններից մի քանիսը արդեն հասցրել են ներքաշել Հայաստանին ներդրումային արբիտրաժնային շանտաժների հորձանուտ: Խոսքը մասնավորապես «Լիդիան» և «Սանիթեք» ընկերությունների մասին է, որոնք սպառնում են Հայաստանի կառավարությանը ներքաշել ներդրումային արբիտրաժային գործընթաց: Կորպորացիաների կողմից պետությունների նկատմամբ նման վարքագիծը պայմանավորված է միջազգային իրավունքի տեսանկյունից կորպորացիաների նկատմամբ կարգավորիչ դաշտի բացակայությամբ և մյուս կողմից՝ տնտեսական համաձայնագրերի անհավասար ու անարդար ուժով:

Կորպորացիաներին միջազգային իրավունքի դաշտ բերելուն է ուղղված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների ու մարդու իրավունքների մասին նոր համաձայնագրի ստեղծման գործընթացը: Ժնևում հայտարարված մոբիլիզացիայի շրջանակներում Մարդու իրավունքների խորհրդրի միջկառավարական 5-րդ նստաշրջանին կից անց են կացվելու Համաշխարհային արշավի մասնակից կազմակերպությունների ու շարժումների հետ հանդիպումներ:

Հայաստանից Ամուլսարի պայքարն ու աղետաբեր հանքային ծրագրի շուրջ ազդակիր համայնքի՝ Ջերմուկի ինքնորոշվելու իրավունքի գերակայությունը ներկայացվելու է վերը նշված նորաստեղծ միջազգային համաձայնագրի քննարկումների համատեքստում:

Հայկական բնապահպանական ճակատը առաջիկա օրերին մանրամասներ կհաղորդի Ժնևում անցկացվող հանդիպումներից: Իսկ մինչ այդ ներկայացնենք մի հատված կորպորացիաների կողմից ժողովուրդներից խլված իրավունքները հետ նվաճելու շարժմանը միանալու կոչից

«Նեոլիբերալ համաշխարհայնացումը խոշոր տնտեսական ուժերի համար բացել է աշխարհի կեղեքման դռները։ Արդյունքում, ժողովուրդների իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են, Երկիր մոլորակն ու իր ռեսուրսները ավիրվում, հարստահարվում ու թունավորվում են, մինչդեռ կորպորացիաները շարունակում են տնտեսական և էկոլոգիական ոճիրներ գործել անպատժելիության պայմաններում։ Նրանք նաև մեզ նետում են բնապահպանական ու կլիմայական ահռելի մասշտաբներով ճգնաժամի ճիրանները՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:

Անդրազգային կորպորացիաների հրամայականն է առավելագույն շահույթ ստանալը, որն անելու համար նրանք չեն վարանում իրար դեմ հանել տարբեր տարածաշրջաններում սեփական բիզնեսի ապրանքային տարբեր շղթաներում աշխատող մարդկանց: Միլիոնավոր մարդիկ, ովքեր հարկադրաբար վտարանդի են դարձել հանքարդյունահանող ոլորտի ու բիզնես դարձած պատերազմների պատճառով, ում իրավունքները սիստեմատիկ կերպով ոտնահարվում են ազատ առևտրի մասին համաձայնագրերի  պատճառով՝ բռնելով գաղթի ուղին դարձել են «աշխատուժի» նոր շուկաներ ու կորպորացիաների նոր շահույթի աղբյուրներ:

Նոր միջազգային առևտրային և ներդրումային համաձայնագրերի ստորագրումն ավելի շատ իրավունքներ է շնորհում «ներդրողներին», քան ազդակիր համայնքներին։ Ավելին, Ներդրող-պետություն վեճերի կարգավորման մեխանիզմների (ՆՊՎԿ/ISDS) միջոցով կորպորացիաների շահերը կարելի է ասել  ապահովագրված են ի վնաս հանրային շահի։

Բազմաթիվ համայնքներ ու ժողովուրդներ են համախմբվել դիմադրելու այս ճնշմանը: ՄԱԿ-ի շրջանակներում Անդրազգային կորպորացիաների մասին պարտադիր համաձայնագիր ընդունելու գործընթացը դրա մի մասն է:

Կորպորացիաների իշխանությանը և այն պաշտպանող և սպասարկող համակարգին դիմադրելու համար հարկավոր է շտապ կերպով տալ համակարգված պատասխան։

Այս համատեքստում.

– Միանում ենք «Եվրոպական Արշավ»-ի «Իրավունքները՝ մարդկանց, կանոնները՝ կորպորացիաներին, կասեցնե՛լ ներդրումային արբիտրաժները» կոչին,

– Կազմակերպում ենք Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթ Շվեցարիայում,

– Կոչ ենք անում աշխարհով մեկ հոկտեմբերի 12-ին ցույցեր անել կորպորատիվ իշխանության դեմ և կառավարություններից պահանջել, որ առաջ մղեն ՄԱԿ-ի Պարտադիր պայմանագիրը»:

 

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն