Home / Ազգային ժողով / Լեհաստանում կրկին հաղթեցին հակակոմունիստները․ լենինիզմի հոտ է գալիս

Լեհաստանում կրկին հաղթեցին հակակոմունիստները․ լենինիզմի հոտ է գալիս

Լեհաստանի իշխող ազգայնական֊պահպանողական «Իրավունք և արդարություն» (ԻևԱ) կուսակցությունը կիրակի օրը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, որոնք Լեհաստանում նախագահականից շատ ավելի կարևոր են։ ԻևԱ֊ն հավաքել է ձայների 44 տոկոսը։ Առաջիկա չորս տարիներին երկրում իշխելու է կուսակցություն, որն արդեն ոչ բարենպաստ համբավ ունի Բրյուսելում և բազմիցս համեմատվել է ավտորիտար ռեժիմների հետ։

Ընտրություններից երեք օր առաջ «Իրավունք և արդարության» առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին իր համակիրներին հավաստիացնում էր, որ Լեհաստանի այժմյան իշխանությունն «այլևս չի աշխատում թշնամիների համար։ Իսկ աշխատողների վրա արդեն խարան է դրված, և այդ խարանը կմնա»։ Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո Կաչինսկին ավելի չեզոք տոնով խոստացավ, որ հաջորդ չորս տարիների ընթացքում իր կուսակցությունը «ջանասիրությամբ կաշխատի» լեհաստանցիների կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։

«Իրավունք և արդարության» ավանդական լեյտմոտիվը կոմունիստական Լեհաստանի գաղափարական ժառանգության ցանկացած արտահայտման խիստ քննադատությունն է։ Կուսակցության գաղափարախոսությունը կարելի է ներկայացնել վերջին երեսուն տարիների մի քանի իրադարձությունների վերլուծության ձևով․ սոցիալիզմի փլուզումից հետո Լեհաստանում «անձեռնմխելիների» խավ առաջացավ՝ էլիտա, որն իրեն է ենթարկեցնում թե՛ բիզնեսը, թե՛ պետական կառույցները։ Այստեղից առաջանում է հասարակության խորապես անարդար կազմակերպում, որը ճիշտ ուղու վրա կարող է դնել միայն ԻևԱ֊ը։

Այսպիսով, Կաչինսկու կուսակցության անփոխզիջում հակակոմունիզմը ոչնչով կապված չէ տնտեսության ոլորտի ազատականացման հետ։ ԻևԱ֊ի իշխանության գալուց հետո հավանաբար ամենաարժեքավոր (և ամենևին ոչ միակ) բարեփոխումը, իրագործված պահպանողականների կողմից, դարձավ «500+» կոչվող նպաստը՝ ամեն ընտանիքի ամսական 500 զլոտի (130 դոլար) վճարել երկրորդ և ամեն հաջորդ երեխայի համար։ Աղքատ ընտանիքները հավելավճարներ են ստանում նաև առաջին երեխայի համար։ Նոր իշխանության խորհրդանիշը դարձած բարեփոխումը ազդեցություն է ունեցել լեհ ընտանիքների մեծ մասին վրա, և, բնականաբար, իշխող կուսակցությանը ընտրողների լրացուցիչ աջակցություն է բերել։

«Իրավունք և արդարություն»-ը հռչակում է կաթոլիկ ուսմունքի վրա հիմնված պահվածքի նորմերի ամբողջական ընդունում։ Մանսավորապես, կուսակցության բոլոր անդամները միանշանակ դեմ են միասեռ ամուսնությունների օրինականացմանը։ «Հեռու մնացեք մեր երեխաներից»,- մի քանի ամիս առաջ Յարոսլավ Կաչինսկին համառոտ ներակայացրել է կուսակցության քաղաքականությունը այդ հարցով։ Ի դեպ, նա ամուսնացած չէ, երեխաներ չունի։

Լեհական բոլոր քաղաքական փորձագետները, անկախ նրանից, սատարում թե քննադատում եմ ԻևԱ-ի քաղաքականությունը, մի բանում համաձայն են․ չնայած արևմուտքում ձևավորված կոնսենսուսի, Յարոսլավ Կաչինսկին ու նրա կողմնակիցներն այլ կերպ են ընկալում ժողովրդավարություն, իշխանության բաժանում ու իրավական պետություն հասկացությունները։

Ինչպես նշում է իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիդ Բունիկովսկին, լեհական իշխանությունների աշխարհընկալումը ինչպես աջ, այնպես էլ ձախ քաղաքական հոսքերի ազդեցության արդյունք է, որում զարմանալիորեն կարելի է գտնել նաև մարքսիզմ֊լենինիզմի տարրեր։ Փորձագետը մասնավորապես հղվում է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Էրլիխի գաղափարներին, ով կոմունիստ էր և 1960-ականներին Յարոսլավ Կաչինսկուն իրավագիտություն էր դասավանդել։ Էրլիխի կարծիքով «իրավունքը մեկնաբանելիս, պետք է հաշվի առնել ոչ թե օրենքի տառը, այլ սոցիալական, քաղաքական և տնտեսական հարաբերությունները, որոնք առաջացել են գրված օրենքների և դրանց բառացի մեկնաբանության շուրջ։ Պետք է ազատվել չափից դուրս ֆորմալ մոտեցումից, քանի որ օրենքների ու քաղաքականության նպատակն ավելի կարևոր է»։

Այս մոտեցման մեջ կարելի է տեսնել Վարշավայի և Եվրոհանձնաժողովի՝ իշխող քաղաքական գործիչների՝ դատական համակարգի մեջ խառնվելու թեմայով վիճաբանության պատճառը։ 2015 թվականի խորհրդարանային ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, «Իրավունք և արդարություն» կուսակցությունը պաշտոնանկ արեց Լեհաստանի Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնությանը։ Ավելի ուշ, գերագույն դատարանի մասին ընդունված նոր օրենքը ստիպեց դատարանի անդամների մեծ մասին վաղաժամ թոշակի գնալ (արդյունքում, Եվրոպական դատարանը ստիպեց Լեհաստանի իշխանություններին վերադարձնել դատավորներին)։ Դրան հաջորդեց շրջանային և վճռաբեկ դատարանների վերակազմավորման մասին ընդհանրական օրենքը, որն էլ պատճառ դարձավ, որ Եվրոհանձնաժողովը Լեհաստանում ղեկավարության սկզբունքների խախտումների գնահատման ֆորմալ գործընթաց սկսի։

Յարոսլավ Կաչինսկու համակիրներն իրենց հերթին կարծում են, որ լեհական դատարանները անցյալի մնացորդների քարացած կրիչներ են, որոնք իրենց որոշումներով ողջ են պահում հետկոմունիստական սոցիալական կարգերը։ Վերջինների վերացումը ԻևԱ֊ի գլխավոր առաքելությունն է։

Ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, այժմյան Սեյմում 1993 թվականից հետո առաջին անգամ ներկայացված կլինի լեհ ռադիկալ ազգայնական Յանուշ Կորվին֊Միկկեի կուսակցությունը, որն արժանացել է ընտրողների 6 տոկոսի ձայներին։ Նա վերջին տարիների ընթացքում բավականին մտերմացել է պաշտոնական Մոսկվայի հետ, այդ թվում բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովին այցելության և Լեհաստանում աշխատող ուկրաինացի միգրատների վրա հարձակումների շնորհիվ։

76-ամյա Կորվին֊Միկկեն երիտասարդ լեհերի շրջանում ամենահայտնի քաղաքական գործիչն է․ 18-29 տարիքային խմբում նրա կուսակցության (այժմ այն կոչվում է «Կոնֆեդերացիա») օգտին քվեարկել է ամեն հինգերորդ ընտրող, իսկ երիտասարդ տղամարդկանց շրջանում՝ գրեթե ամեն երրորդը։

Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը շարունակում է մնալ լիբերալ «Քաղաքացիական հարթակ»֊ը։ Հենց այս կուսակցությունն էր իշխում 2007-2015 թվականներին՝ «Իրավունք և Արդարությունից» առաջ։ Էլ ավելի վաղ թոշակի էր անցել «Հարթակի» առաջնորդ, Լեհաստանի երբեմնի վարչապետ Դոնալդ Տուսկը, ով 2014 թվականից զբաղեցնում է Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նրա ժամկետն այդ պաշտոնում ավարտվում է նոյեմբերի 1-ին, բայց եվրոպամետ ընտրողների շրջանում հեղնակություն վայելող Տուսկը դեռևս հրաժարվում է լեհական քաղաքականություն վերադառնալու գաղափարից։

Տուսկի հեռանալուց հետո կուսակցությունն այդպես էլ չկարողացավ «հարձակման անցնել» և ընտրողներին այլընտրանքային ծրագիր առաջարկել։ Նրա հիմնական գաղափարները՝ Եվրախորհրդի հետ ինտեգրացիան ու անցումը «եվրոպական կենսակերպի», շատ բաներում չեն փոխվել սկսած «Հարթակի» ստեղծումից՝ 2001 թվական։ Ի տարբերություն նույն թվականին ձևավորված «Իրավունք և Արդարության», լիբերալ գործիչները վերջին տարիներին կոնկրետություն չեն մտցրել իրենց կուսակցական ծրագրի աբստրակտ ձևակերպումներում ու ընտրողների համար ավելի կարևոր խնդիրներին վերաբերող հարցերում։ «Լիբերալ Էլիտաներն իրենց այնպես են պահում, կարծես չեն հասկացել 2015-ի պարտության պատճառը», –  «հեղափոխական Յարոսլավ Կաչինսկի» հոդվածում ամփոփում է իրավագետ Դավիդ Բունիկովսկին։