Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը՝ միջազգային հետախուզման հայտարարումից հետո այսօր ինքնակամ ներկայացել է Բելգիական ոստիկանությություն։ Կալանավորման մասին լուրեր դեռևս չկան։
Պուչդեմոնը, ով ղեկավարում էր Կատալոնիան 2016 թվականի հունվարից մինչև 2017-ի հոկտեմբեր, տեղափոխվել էր Բելգիա։ Իսպանական դատարանի կողմից Կատալոնիայի անկախացման հանրաքվեի անօրինական ճանաչումից հետո նրան Իսպանիայւմ ձերբակալություն էր սպառնում։
Ոստիկանական գրասենյակի դիմաց հավաքված լրագրողների հետ զրույցում Կատալոնիայի նախկին նախագահը նշել է, որ չի վախենում վճռից, եթե այն կայացվել է «արդար դատարանի կողմից»։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է՝ ի նշան իսպանական դատարանի Կատալոնիայի 9 առաջնորդների ազատազրկման մասին որոշման դեմ բողոքի։
Բարսելոնայում նախատեսվող զանգվածային հանրահավաքին մասնակցելու համար Կատալոնիայի բնակիչները գալիս են 5 տարբեր ուղղություններից։ Մի խումբ ցուցարարներ դեպի Բարսելոնա շարժվել են ոտքով։ Այդ ժեստը ստացել է «Ազատության քայլերթ» անվանումը։ Կատալոնիայի շրջանի մի շարք ճանապարհներ արգելափակված են, սահմանափակված է նաև Ֆրանսիայի հետ սահմանային գծից ոչ հեռու գտնվող մայրուղին։
Վերջին օրերին Բարսելոնայում և Կատալոնական այլ քաղաքներում ընթացող բողոքի ակցիաները մեծամասամբ ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Այսօրվա հանրահավաքը դերևս խաղաղ է ընթանում։