Ես համաձայն չեմ։ Իսկ դո՞ւք
հեղինակ՝ Մարինե Պետրոսյան
հրապարակվել է marinepetrossian.com-ում
Նախորդ տեքստս՝ «Հայաստանն օջախ չի, պետություն ա», սկսվում էր սենց՝ «Նիկոլ Փաշինյանը կարգախոս ա գրել՝ «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է»։ Բայց հետո «Ազատության» մի հաղորդման մեջ լսեցի Ռուբեն Ռուբինյանին, որը պարզաբանեց, որ դա ոչ թե պարզապես Նիկոլի գրածն ա, այլ կառավարության և Ազգային ժողովի անդամների մասնակցությամբ երկար քննարկումների արդյունքում ծնված կոնցեպցիա, որի նպատակը հայերիս գիտակցության մեջ առկա՝ ընտանիքի և պետության հակադրությունը վերացնելն ա։ Ու քանի որ ակնհայտ ա, որ էս հարցը դառնում ա հայոց քաղաքական իրականության կենտրոնական մի հարց, ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ խնդրին։
Այո, էդ խնդիրը՝ ընտանիքի և պետության հակադրությունը հայերիս մի մեծ մասի գիտակցության մեջ կա, և դա, ոնց որ Ռուբինյանը նշեց՝ ունի պատմական արմատներ։ Բայց տրամաբանության օրենքներն ասում են, որ երկու բաների հակադրությունը վերացնելու միակ ճանապարհը բնավ դրանց նույնացումը չի։ Իսկ քաղաքական տրամաբանությունն էլ ասում ա, ու կոնկրետ էս դեպքում ընտանիքի և պետության հակադրությունը նույնացումով փոխարինելու ճանապարհը լրիվ սխալ տեղ ա տանում։ Վտանգավոր տեղ։
Ընտանիքը մարդկության կարևորագույն ինստիտուտներից ա, նախնական ժամանակներից ա գալիս, բայց չի կորցրել և ամենայն հավանականությամբ մոտակա հեռանկարում էլ չի կորցնի կարևորությունը մարդու համար։ Պետությունն էլ ա շատ կարևոր և հին ինստիտուտ։ Եվ ժամանակի ընթացքում փոխել ա իրա ձևերը։ Կար ժամանակ, երբ պետության ղեկավարը թագավորն էր կամ թագուհին։ Թագավորը կամ թագուհին չէին ընտրվում, ոնց որ հորդ կամ մորդ չես կարող ընտրել, նրանք տրվում են ի սկզբանե՝ քո իսկ ծնունդից առաջ։ Ընդ որում թագավորի կամ թագուհու իշխանությունը ընդունողների համար էդ իշխանությունը գալիս էր վերևից՝ աստծուց։ Ի վերուստ էր և ընդմիշտ։ Հետո ժամանակները փոխվեցին, հեղափոխություններ եղան, և միապետությունների փոխարեն ստեղծվեցին հանրապետությունները։ Հանրապետությունում իշխանությունը չի տրվում ի վերուստ և ընդմիշտ, այլ գալիս ա հանրությունից։ Ձևավորվում ա ընտրության արդյունքում։ Քաղաքացիները ընտրում են իրանց երկիրը կառավարողներին։ Ընտրում են ռացիոնալ տրամաբանությամբ՝ նրանց, որոնց առաջարկած ծրագրերը հավանում են։ Եվ երբեք չեն ընտրում ընդմիշտ, այլ տալիս են ժամանակավոր մանդատ։ Որպեսզի հաջորդ ընտրության ժամանակ կամ երկարաձգեն մանդատը՝ եթե գոհ են կառավարումից, կամ փոխեն կառավարողներին՝ ընտրեն նորերին։
Վերևում գրածներս հանրահայտ ու պարզ բաներ են, բայց ստիպված եղա դրանք հիշեցնել, որ «Հայաստանն իմ Օջախն է, Ժողովուրդն իմ Ընտանիքն է» տողերը դուք կարդաք էդ հանրահայտ ու պարզ կոնտեքստում։ Կարդացի՞ք։ Տեսա՞ք ինչ ա նշանակում։ Եթե ես ու դուք համաձայնենք, որ Հայաստանը օջախ ա, կնշանակի համաձայնում ենք, որ Հայաստանը դադարի լինել հանրապետություն և դառնա միապետություն։ Ես համաձայն չեմ։ Իսկ դո՞ւք։