Հայաստանը սար չի
հեղինակ՝ Մարինե Պետրոսյան
հրապարակվել է marinepetrossian.com կայքում
Վարդան Ազատյանի հետ մեր բանավեճը՝ «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքի հետ կապված, ընդհատվել էր, և դրանում դեր խաղաց նաև Ամուլսարի հարցի շիկացումը՝ մի պահ մնացած ամեն ինչ մղվել էր երկրորդ պլան։ Բայց վերջերս Վարդանը նոր տեքստ գրեց՝ «Սարը» կամ հեղափոխական բարոյականության մշակութային երևութաբանություն», որտեղ ուրիշ կողմից հարցին մոտենալով, ըստ էության կրկնում ա առանցքային էն միտքը, որին հենց առարկում էի։ Բանավեճը նորից մանրամասն շարունակելու ցանկություն բնավ չունեմ, բայց քանի որ հարցը շատ կարևոր ա, չեմ կարող լուռ մնալ, ուղղակի ասելիքս կասեմ կարճ, առանց մանրամասների վրա կանգ առնելու։
Վարդանը պնդում ա, թե Հայաստանը լեռնաշխարհ ա, թե հայերիս «ինքնըմբռնման առանցքային ֆիգուրը» սարն ա և թե մեր մշակութային գիտակցության կենտրոնում սարի հետ կապված արժեքներն են: Հետո օրինակներ ա բերում՝ էդ միտքը հաստատող։ Օրինակները ճիշտ են, բայց միտքը սխալ ա, որովհետև ավելորդ կերպով ընդհանրացված ա։ Հայաստանը նա՛և լեռնաշխարհ ա, բայց մենակ լեռնաշխարհ չի, դա Հայաստանի բազմաթիվ շերտերից ընդամենը մեկն ա, ոչ ավելին։ Մշակութային առումով Հայաստանը չի կարելի նույնացնել լեռնաշխարհի հետ, որովհետև լեռնաշխարհը փակ աշխարհ ա, ինքն իրա մեջ ամփոփված աշխարհ, այնինչ հայերիս ինքնագիտակցության մեջ ինչքան որ Արարատ սարն ա կենտրոնական, էդքան էլ՝ Ծովից ծով Հայաստանի նպատակը, ընդ որում դրանք ուղիղ գծով իրար հետ կապված են։ Իսկ Ծովից ծով Հայաստան չի նշանակում մի քանի հարյուր կամ հազար քառակուսի մետր ավել տարածք, այլ նշանակում ա՝ ծովային երկիր, բաց երկիր, բաց քաղաքակրթություն։
Հայաստանը որպես պաշտպանվող ամրոց ու լեռ, որպես դրսի քամիներից պաշտպանվող մշակույթ—էս պատկերացումները մեր պետականության կորստի հիվանդագին արդյունքն են, դրանց վերջնականապես հրաժեշտ տալ ա պետք, ոչ թե նորացնել՝ էսօրվա վախերի հետ կապելով։ Վարդանը կարծես թե պահպանողականության դիրքերից չի խոսում, այլ ձախական դիրքերից, Մարքսին էլ որպես վկա ա բերում։ Բայց հեղափոխական ձախականությունը փորձելով տեղափոխել մեր իրականություն, Վարդանը դա բերում հանգեցնում ա «սարերի ապրանքայնացման դեմ» պայքարին, դա էլ մազալու ձևով նույնացնում ա «հողուջրի և ընտանիքի բարօրության վտանգման դեմ» պայքարի հետ՝ վերադառնալով «Ովքեր արեցին հեղափոխությունը» գրքի նույն էն մտքին, որի հետ բանավիճում էի։ Ստացվում ա շշմելու մի պատկեր—սարերի գանձերը պաշտպանող սարվորցի հայ դյուցազունները՝ ընդդեմ միջազգային կապիտալի։ Ու նենց տպավորություն ա, թե մենք Մարքսի ժամանակներում ենք դեռ ապրում, Հայաստանն էլ չես հասկանում որ մայրցամաքում նոր հայտնաբերված տարածք ա։ Ոչ հոկտեմբերյան հեղափոխությունն ա եղել, ոչ սովետական տասնամյակներն են եղել, ոչ էլ Հայաստանի արդյունաբերականացումը։
Բայց չէ՞ որ եղել են։ Ո՞նց չեն եղել, եթե ես Սովետական Հայաստանում եմ ծնվել, արդյունաբերական քաղաք Երևանում։