Առաջին անգամ հայերեն է թարգմանվում Զիգմունդ Ֆրոյդի «Բնավորություն եւ սրբանային տարփանք» տեքստը։ Թարգմանությունը և նախաբանը հեղինակել է արվեստի քննադատ Վարդան Ազատյանը։ Տեքստը հրապարակվել է «Արտերիա» ամսագրում։
Զիգմունդ Ֆրոյդի՝ չափով փոքր, բայց նշանակությամբ ահռելի այս տեքստն առաջին անգամ լույս է տեսել 110 տարի առաջ՝ 1908 թվականին: Մի կողմից աղեստամոքսային համակարգի աշխատանքի ու արտաթորման գործառույթի, մյուս կողմից բնավորության որոշ գծերի միջեւ Ֆրոյդի անցկացրած կապերը ցնցել եւ զայրացրել էին ընթերցողին, քանզի դիպել էին բարոյական այն բարձր արժեքներին, որոնց «բարձրացման» մեխանիզմն էր բացահայտել Ֆրոյդը: Մաքրության եւ անաղարտության հիմնարար արժեքների ծագումն այստեղ բխեցվում է մարմնի՝ աղիների աշխատանքի եւ արտաթորման գործառույթների հետ հարաբերվելու առանձնահատուկ եղանակներից, դրանց հետ կապված հաճույքի՛ն հետամուտ լինելու եղանակներից: Այս եղանակները զուտ անհատական չեն, այլ մշակութային, հասարակական, տնտեսական: Պատահական չէ, որ, օրինակ, դիմանալու եւ տոկալու, ներփակության ու ներքին ազնվության, բայց եւ փողասիրության ու կուտակման հատկությունները լոկ անհատական բնավորության գծեր չեն, այլ ավանդապատումներում ու բարոյական նորմերում հանդիպող առաքինություններ կամ արատներ: Ֆրոյդի՝ տեքստում առաջադրած ներըմբռնումները, ուստի, անցել են անհատական հոգեբանության սահմանները եւ արդի ու ժամանակակից արվեստում կղաբանական էսթետիկայի քննադատությունից հասել մինչեւ դրամատիրական հասարակություններում փողի քաղաքատնտեսական տեսություններ: Միաժամանակ Ֆրոյդի խորաթափանց զուգորդումները կարող են հնարավորություն տալ լրջորեն խորհելու վերջերս Հայաստանի հանրային խոսույթում կղաբանական հղումների առատության մասին (ՔԱՔ կուսակցությունից մինչեւ Երեւանի ավագանու նիստ բերված կոյուղաջրեր)՝ բացահայտելով ներկայիս հայաստանյան հասարակական-քաղաքական իրադրության ներքին լարումների հոգեբանական շերտերը:
հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Արտերիա» ամսագրի կայքում