Home / Տեսանյութեր / Ադրբեջան, Հայաստան, Վրաստան. «զառանցանքն» իբրև կենսական անհրաժեշտություն

Ադրբեջան, Հայաստան, Վրաստան. «զառանցանքն» իբրև կենսական անհրաժեշտություն

Հայաստանում առկա միակ քաղաքական իդեալը` ժողովրդավարական ազգային պետությունը, սնանկ է այն պատճառով, որ իրական ժողովրդավարություն հնարավոր չէ հանրապետությամբ, այսինքն` պետական սահմանների ներսում:

Խնդիրը «Փոքր խորհուրդ» քաղաքական-հասարակական խմբի անդամներին ներկայացրել է արվեստի քննադատ Վարդան Ազատյանը, ով առաջարկեց Հարավային Կովկասի զարգացման այլընտրանքային մոդել:

Խնդիրը

Հայաստանում առկա ցանկացած ուժ, մարդ, կառույց, որ խորհում է երկրի մասին, պատկերացնում է տեսնել Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն, ինչը որոշակի խնդիր է:

Սեփական ազատությունների համար հանրապետությունը միշտ կունենա սեփական սահմաններից դուրս գտնվողների իրական կամ գաղափարաբանական անազատության կարիք:

Հանրապետության տրամադրած ազատությունները մասնավոր ազատություններ են. դրանք արտոնյալ են և վերաբերում են սեփական քաղաքացիներին: Սա է քաղաքացիական, նույնն է թե բուրժուական հասարակության վաղեմի պարադոքսը:

Մյուս կողմից էլ հանրապետությունը և ազատությունները միշտ ենթակա են գերտերությունների շահերին: Հայաստանի քաղաքական երկընտրանքը այսօր հետևյալն է` ազգային ինքնություն, թե ինտեգրում գլոբալացման գործընթացների մեջ: Այն քաղաքական ուժը, որը լավագույնս կհամակցի այս երկուսը, Հայաստանում ապագա կունենա:

Այլընտրանքը

Այս երկընտրանքից դուրս գալու իրական ճանապարհն տարածաշրջանի ժողովուրդների կարիքների վրա հիմնված և ուղիղ ժողովրդավարության սկզբունքներով ձևավորված ազգամիջյան քաղաքական սուբյեկտի` միության  կայացումն է:

Միությունը պետք է հետամուտ լինի նախևառաջ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարօրության հաստատմանը` սոցիալմշակութային քաղաքականության միջոցով:

Միության գրավականը տարածաշրջանի ժողովուրդների գիտակցականացմանն ուղղված մշակութային հեղափոխական գործունեությունն է, առ այն, որ մենք` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ժողովուրդներս, սոցիալապես, տնտեսապես, մշակութայնորեն իրար ավելի մոտ ենք, ավելի շատ ենք կիսում նույն խնդիրները, քան սեփական երկրների կառավարությունները, ընդդիմությունները տարածաշրջանում գերտերությունների քաղաքականությունները միասին վերցրած:

Միության սկզբունքների ուրվագիծը (կրճատ).

1. Մեր տարածաշրջանի հակամարտություններն անքակտելիորեն կապված են ազգայնականության և ազգային պետության մոդելի հետ, որը սերտաճել է գլոբալ տնտեսության հիմքում ընկած շուկայական կապիտալիզմի հետ.

Սրանք առանձին բաներ չեն: Ինտեգրման հովանու ներքո և դրա միջոցով իրականացվող ազգային շահի, ազգային տնտեսության, ազգային զարգացման, ազգային մշակույթի անունով է, որ արդարացվում և զարկ է տրվում նողկալի սոցիալական անարդարություններին, միջազգային գործընթացներում խամաճիկային մեկուսացմանը, գերտերությունների նոր գաղութային քաղաքականության հանդեպ հպատակային ենթակայությանը, ազգամիջյան հակամարտություններին:

4. Տարատեսակ քաղաքական գործիչների կողմից շահարկվող Կովկասյան պլատֆորմի մոդելը անընդունելի է, որովհետև չի բխում սոցիալական անարդարության մեխանիզմների պատկերացման վրա հիմնված ներքին սոցիալական կարիքից:

5. Հարկ է գիտակցել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապրող աբխազ, ադրբեջանցի, աջարացի, ասորի, գնչու, եզդի, հայ, մալական, վրացի, քուրդ (կին և տղամարդ) աշխատողների, ծառայողների, գյուղացիների, ուսանողների միացյալ դաշինքն հնարավոր կդարցնի իրական հարավկովկասյան միությունը:

Ինչպես ցույց են տալիս նախադեպերը, ցանկացած նման նախագիծ, որը կառաջարկվի իշխանության սուբյեկտի կողմից դատապարտված է կործանման, և այլ բան չի լինի, քան միության ականապատում, սա եղավ անդրկովկասյան կոնֆեդերացիայի հետ, որը ձևավորվեց Ստալինի ջանքերով, և կազմալուծվեց 1936-ին:

6. Այս դաշինքի ձևավորման գրավականը սոցիական հիմքով մշակութային հեղափոխական գործունեությունն է, որը պետք է իրականացվի տարածաշրջանային մարմինների միջոցով:

7. Այս գործունեությունը պետք է շրջանցի առկա քաղաքական և կուսակցական սուբյեկտներին այն պատճառով, որ դրանցից ոչ մեկը իր առաջնային նպատակը չի տեսնում ազգամիջյան տարածաշրջանային քաղաքական միավորի կերտումը` գործելով լիբերալ, ազգայնական, սոցիալ-դեմոկրատական ձևաչափերում, որոնք, որպես կանոն, աբսուրդի աստիճան միախառնված են: Դրանք բոլորն էլ մնում են ազգային պետության, հանրապետության ջատագովներ:

8. Առաջադրվող միության համար նախադեպ կարող է լինել ոչ թե անդրկովկասյան կոնֆեդերացիան, այլ շատ կարճ ժամանակ տևած Բաքվի կոմունան:

9. Առաջին հայացքից զառանցանք թվացող այս առաջարկությունը, հավատացեք, կարիք է: Այս է վկայում տարբեր առիթներով ու մակարդակներով ի հայտ եկող կովկասյան համագործակցության տարատեսակ գաղափարներն ու փորձերը` միջկուսակցական մակարդակով ստորագրությունները, եվրոպական նախաձեռնությամբ, ՀԿ-ների գործունեությամբ, անհատ մտավորականների հնչեցրած մտքերում, քաղաքական այս կամ այն ուժին հարող կառույցներում, պետությունների նախագահների մակարդակով:

Այս ամենը վկայում է, որ Հարավային Կովկասում ազգամիջյան սերտ համագործակցությունը կարիք է:

10. Հատվածաբար իրականություն դարձած այս կարիքն առկա է եղել ոչ միայն Բագրատունիների ու Զաքարյանների ժամանակ, Դավիթ Բեկի և Բաքվի Կոմունայի ժամանակ, այլև այսօր:

Միացյալ Կովկասի տեսիլը եղել է տարածաշրջանի ամենակարևոր ազատագրական ծրագրերից մեկը: Երենքն են եղել` ազատագրվել ուրիշի շնորհիվ, ազատագրվել սեփական ուժերով և ազատագրվել միասնաբար:

Խնդիրների լուծումը հաճախ էնտեղ է, որտեղ չես փնտրում, այլ հատկապես չես փնտրում: Որն է նշածս միության իրագործմանը խոչընդոտող ամենահիմնական տարածքները` պետական սահմանները:

11. Տարածաշրջանի գործարաններում աշխատող չվճարված բանվորները, տաքսու և միկրոավտոբուսների շահագործված վարորդները, անընդհատ բռնության զոհ դարձող մարմնավաճառները, սուպերմարկետներում աշխատող անքուն ծառայողները, խմորեղենի ցեխում կեղեքվող կանայք, ուսման վարձը վճարելու համար գիշերային ակումբներում ու բարերում աշխատող ուսանողները, իրենց գյուղերում բատրակ դարձած գյուղացիները, միանգամից երեք տեղ աշխատող դասախոսները, բանակում անմարդկային վերաբերմունքի արժանացած զինվորները, խոպանի ճանապարհները բռնած գյուղացիները ու տանը երեխաների հետ մնացած նրանց կանայք:

Սա մի իրադրություն է, որով առանձնանում է այս կամ այն չափով ողջ տարածաշրջանը: Այս իրողություններում ազգային առանձնահատկություններ չկան:

13. Միայն նման միությունն է, որ թույլ կտա ձեռք բերել կայուն և իրական խաղաղություն` ներսում և հարևանների հետ, թույլ կտա ապառազմականանցնել տարածաշրջանը և զարկ տալ խաղաղ բարգավաճմանը միտված միացյալ տնտեսությանը, թույլ կտա համագործակցության վրա` հիմնվելով արդյունավետ կերպով բալանսավորել մարդկային և բնական ռեսուրսները, միասնական ուժերով ապահովել գիտության, կրթության և մշակույթի առաջընթաց, միմյանցից սովորելու և ունեցածով կիսվելու, մեկի բացերը մյուսի առավելություններով լրացնելու ոգուն: Եվ վերջապես, սա թույլ կտա միջազգային քաղաքականության մեջ դառնալ ծանրակշիռ ինքնիշխան սուբյեկտ: