Կոլումբիացի նկարիչ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի քանդակի շուրջ քննարկումներն ու դժգոհություններն ամբողջովին համապատասխանում են այն քաղաքական կուրսին, որը որդեգրել է հետխորհրդային Հայաստանը. մի կողմից արևմտյան արժեքների ներմուծում, մյուս կողմից` ազգային ինքնության պահպանման քաղաքականություն: Մի կողմից թույլ է տրվում Գաֆեսճյանի թանգարան ունենալ, մյուս կողմից՝ ամենուր հերոսացման ձգտող քանդակներ տեղադրել: Նման միջավայրում բախումն անխուսափելի է: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արվեստի քննադատ Վարդան Ազատյանը՝ մեկնաբանելով Բոտերոյի՝ վերջերս Հայաստան բերված «Ծխող կինը» քանդակի հանդեպ եղած հանրային արձագանքը:
Նշենք, որ սոցցանցերում քննարկումների ժամանակ քանդակը քննադատությունների է արժանացել՝ որոշ օգտատերերի կողմից որակվելով որպես «հայերին ոչ վայել»:
Ազատյանի խոսքով` ուշագրավն այն է, որ Հայաստանում, թվում էր, թե զվարճանքի արվեստը ստանում է այնպիսի արձագանք, որը սովորաբար լինում է սոցիալական, քաղաքական, բարոյական խնդիրներ բարձրացնող գործերի դեպքում:
Ըստ արվեստի քննադատի` 70-80-ականներին Բոտերոյի արվեստը մասն էր մի երևույթի, մի ալիքի, որով փորձ էր արվում 60-70-ականների ավելի արմատական արվեստի դրսևորումները դարձնել պակաս վտանգավոր՝ չեզոքացնելու համար 60-70-ականների արվեստի սոցիալական, քննադատական, գաղափարական ուժը:
«Այս ալիքը, որը ընդունված է կոչել պոստմոդեռն, սկսվեց 70-ականներին և շարունակվեց մինչև 90-ականները` տարածվելով ողջ աշխարհում, այդ թվում նաև Լատինական Ամերիկայում: Այդ ալիքն իր հետ բերեց ֆիգուրտաիվ արվեստի վերածնունդը, հակառակ մինչ այդ եղած կոնցեպտուալ արվեստի ձևերին: Ամենախնդրահարույց կետն այն է, որ նոր ֆիգուրատիվ քանդակագործությունում, որի վառ ներկայացուցիչներից է Բոտերոն, ֆորմայի նորարարությունը ինքնանպատակ է, այսինքն վերցնում են որոշակի կերպար և այդ կերպարի հետ անում ձևային խաղեր. մեծացնում, փոքրացնում, Բոտերոյի դեպքում՝ գիրացնում: Այսինքն, արվեստն իր համար ընդամենը ֆորմայի իմպրովիզացիա է: Սա նշանակում է, որ արվեստից Բոտերոն հանեց դրա նորմատիվ, գաղափարական, քաղաքական, սոցիալական ասպեկտը` արվեստը դարձնելով ավելի խաղային, կապված երևակայության փոքր թռիչքների հետ, որոնք կարող են այդ պահին հանդիսատեսին որոշակի զարմանքի, հաճելի անհանգստության մեջ դնել», – պարզաբանել է Ազատյանը` միաժամանակ պարադոքսալ համարելով այն, որ բացարձակապես հասարակական կարծիք սասանելու միտում չունեցող գործը նման կերպ է ընդունվում Հայաստանում:
«Տպավորությունն այնպիսին է, կարծես Բոտերոյի քանդակը վերցնես և դնես 19-րդ դարի կլասիցիստական մտայնությունների մեջ գտնվող արվեստի միջավայրում, միայն այդ դեպքում կարող է սոցիալական, քաղաքական ասպեկտից դուրս քանդակը ունենալ նման հանրային, քաղաքականացված, բարոյականացված արձագանք, պատճառը ժամանակակից արվեստի փորձառության բացակայությունն է:
Նույն քննարկումը կատվի դեպքում էր, քննադատության առանցքը նույնն էր: Քանի որ Բոտերոյի մոտ ֆորմաներն էրոտիզացված են, էնպիսի հասարակություններում, որտեղ էրոտիզմը բարոյականացված է, բնականաբար, ռեակցիան նույնն է», – ասել է Վարդան Ազատյանը:
Կոլումբիացի նկարիչ, քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932 թվականին: Ինքն իրեն համարում է «կոլումբիացի արվեստագետներից ամենակոլումբիացին»: Առավել հայտնի է դարձել 1959 թվականին «Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում» առաջին մրցանակին արժանանալուց հետո: Նա հիմնականում աշխատում է ֆիգուրատիվիզմի տեխնիկայով: Բոտերոյի «Ծխող կինը» հանրահայտ շարքի արձաններից մեկը 1987 թվականից տեղադրված է նաև Մոնտե Կառլո քաղաքում: