Մայիսի 29-ին Ակումբ (The Club) ցուցասրահում բացվեց «Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» հետազոտական ցուցահանդեսը։ Այն կգործի մինչև հուլիսի 29-ը։
Ցուցահանդեսը հիմնված է արվեստագետ Վիգեն Թադևոսյանի գործունեության շուրջ արված հետազոտական աշխատանքի վրա։ Այն դիտարկում է արվեստագետի արարքը թարգմանության անկյան տակ և շեշտադրում այն պահը, երբ արվեստագետը դառնում է թարգմանիչ, իսկ թարգմանությունը՝ արվեստագետի արարք։ Ցուցահանդեսի կոնցեպտում թարգմանությունը դիտարկվում է որպես տարբեր լեզուների (արվեստ, փիլիսոփայություն, գրականություն և այլն) հյուսվածքների հետ աշխատանք և դրանց միջև նոր կապեր անցկացնելու արարք։ Ձգտել «ինքնաճանաչման»՝ կատարելով փոխադրումներ և մեկնաբանություններ, որն իր հերթին ենթադրում է «ընդարձակել կյանքը»։ Թարգմանությունը ծագում է կարիքից՝ «ես»ի և «ուրիշ»ի միջև եղած խզումի հետ աշխատելու իրադրության մեջ։ Մի կարիք, որն ըստ կոնցեպտի, այժմ էլ կենսական է:
Վիգեն Թադևոսյանը ծնվել է 1943թ. Երևանում։ 1970թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը։ 1981-1984թթ. եղել է Գարուն ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1990-2000-ական թվականներին հանդես է եկել նաև որպես համադրող, այդ թվում՝ 1995թ. Գերմանիայի Բոխում քաղաքում Հայաստան. հինավուրց մշակույթի երկրի վերաբացահայտումը ցուցահանդեսում: 1996-2001թթ. «Աննա Հովնանյան» արվեստի դպրոցում վարել է արդի արվեստի պատմության մասին դասընթացաշար և ունեցել մեծ ազդեցություն Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման վրա։
«Թարգմանության արվեստագետը. Վիգեն Թադևոսյան» ցուցահանդեսի նախաձեռնությունն ու համաֆինանսավորումը իրականացրել է Ակումբը (The Club): Գործընկերներն են Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը:
Ծրագիրն իրականացվում է «Հարավային Կովկասում արվեստի և մշակույթի տարածաշրջանայաին ծրագրի» շրջանակներում հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Ցուցահանդեսի համադրողներ՝ Աննա Ժամակոչյան, Նարէ Սահակյան
Հետազոտական խորհրդատու՝ Վարդան Ազատյան
Ակումբ (The Club) ցուցասրահ կարելի է այցելել ամեն օր, ժամը 10:30-23:30, Թումանյան 40 հասցեով։