«Երևանի կենդանաբանական այգում, բացի տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, ՈՐԵՎԷ ՄԵԿԸ աշխատանքից ազատման դիմում չի գրել»: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով խնդրեց լրատվամիջոցներին չտարածել «դեղին կայքերի արտադրած ապատեղեկատվությունը»։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկվել է ազատել զբաղեցրած պաշտոնը՝ հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, «առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»։
Երեկ Երևանի կենդանաբանական այգու տարածք էր ներթափանցել հինգ-վեց թափառող շներից բաղկացած ոհմակ, ինչի հետևանքով գրանցվել է երեք կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից երեքին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:
Խաչատրյանն ընդունեց առաջարկը՝ հրաժարականի մասին ևս հայտնելով «Ֆեյսբուք»-ի միջոցով․ «Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:
Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում»։