Հոկտեմբերի 31-ին «Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ իր բեռնատարները բեռնված հատուկ պահպանության պայմաններ պահանջող գյուղմթերքով արդեն 16 օրն է, ինչ գտնվում են Ռուսաստանի Վերին Լարսի մաքսային անցակետում, սակայն որևէ հստակ պատասխան և որոշակիություն չկա, թե ինչ պատճառով մաքսային գործառնությունները չեն ավարտվում և չի թույլատրվում բեռի բացթողումը ՌԴ տարածք:
Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հայտնելով, որ «նախարարության կողմից կապ է հաստատվել Հյուսիսկովկասյան մաքսատան պատասխանատուների հետ, որոնք տեղեկացրել են, որ մեքենայի ժամանակավոր բաց չթողման պատճառն այն է, որ անցակետի ռիսկերի կառավարման համակարգը ռիսկային է համարել բեռը՝ «պատժամիջոցների» ցանկով նախատեսված ապրանքներին պատկանելիության տեսանկյունից: Ըստ վերջիններիս տեղեկատվության՝ նմուշն ուղարկվել է համապատասխան լաբորատորիա՝ բեռի ծագումնաբանությունը որոշելու նպատակով»։
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և այն հետ են ուղարկելու Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն, պանրի ծագման երկիրը նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:
Հայտնում ենք, որ ընկերությունը կամ ընկերության վարորդը չեն ստացել լաբորատոր փորձաքննության եզրակացության պաշտոնական օրինակը, ինչպես նաև չեն ստացել մինչ օրս որևէ պաշտոնական հիմնավորում բեռի և բեռնատար ավտոմեքենայի կանգնեցման վերաբերյալ:
Ընկերությունը, ստանալով այս տեղեկատվությունը, անմիջապես դիմել է Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության և Վերին Լարսի մաքսային անցակետի ղեկավարներին, ՌԴ տրանսպորտային դատախազության Հարավային տրանսպորտային դատախազին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին՝ տեղեկացնելով, որ պանիրը արտադրվում է ընկերությանը պատկանող նորակառույց պանրի գործարանում, և տրամադրել է պանրի հումքի և փաթեթավորման նյութերի ծագման երկրների աշխարհագրությունը հավաստող փաստաթղթերը:
Համաձայն դրանց՝
1. Պանրի հիմնական հումքը՝ կաթը, ընկերությունը գնում է հայաստանյան տեղացի ֆերմերներից՝ Տաշիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի շրջաններից:
2. Օգտագործվում է քաղաքային կենտրոնական ջրամատակարարմամբ ստացվող ջուրը։
3. Փայլաթիթեղ (ֆոլգա) – ծագման երկիրը՝ Գերմանիա։
4. Սննդային պոլիէթիլենային տոպրակներ (վակուում փաթեթ) – ծագման երկիրը՝ Լեհաստան։
5. Ստվարաթուղթ – ծագման երկիրը՝ Ռուսաստան
6. Մերան, բորբոս և ֆերմենտային բաղադրանյութեր – ծագման երկիրը՝ Դանիա։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լաբորատոր փորձաքննությունը չի կարողացել հստակ նշել պանրի ծագման երկիրը և տվել է ծագման երկրի լայն աշխարհագրական տարբերակներ, իսկ պանիրը ՌԴ բաց թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում են ՌԴ մաքսային ծառայության աշխատակցիները՝ ընկերությունը՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով խնդրել է որպես ելակետային տվյալ ընդունել իր կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը՝ պանիրը ՌԴ բաց թողնելու հարցի վերաբերյալ որոշման կայացման ժամանակ:
«ՌԴ Մաքսային ծառայության կողմից կամայական կերպով բեռի հետագա կանգնեցումը կամ հետվերադարձը Հայաստան անհամաչափ վնաս է հասցնելու ընկերությանը՝ բեռի փչանալու և ընկերության նկատմամբ պայմանագրային պարտավորություններից բխող պահանջների առումով:
Խնդրում ենք ՀՀ Կառավարության աջակցությունը՝ եվրոպական որակական չափանիշներով հայկական արտադրանքի անխափան մուտքը ԵԱՏՄ շուկա ապահովելու ուղղությամբ», – նշված է «Սպայկայի» հաղորդագրությունում: