Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի տեղեկությամբ, Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության կազմում, որը Երևան կժամանի նոյեմբերի 4-ին, լինելու է նաև բռնակցված Ղրիմից «ընտրված պատգամավոր» Նատալյա Պոկլոնսկայան։ «Սա հաստատապես պրոբլեմ ա, որը ռուսներն ուզում են մեր գլխին սարքել, նպատակ ունենալով միջազգային ասպարեզում մարգինալացնել և «փչացնել» Հայաստանը», ֊ հայտնել է քաղաքագետը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում՝ գրառման մեջ նշելով և այդպիսով խնդրին մի շարք գործիչների ուշադրությունը հրավիրելով։ Դրանց թվում են, մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի խոսնակ Արման Դավոյանը, պատգամավորներ Արման Բաբաջանյանն, Էդմոն Մարությանն ու Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ նման քայլն ուղղված է ոչ միայն Հայաստանի նկատմամբ Կրեմլի գերիշխանության ևս մեկ աստիճանով հաստատմանը, այլ որ ավելի վտանգավոր է, ՀՀ֊ի քաղաքական մեկուսացմանն, իր բոլոր ծանր հետևանքներով։
«Հասկանալի է՝ պուտինյան ռեժիմն իր բնույթին, արժեքներին և իր շահերին համապատասխան է քայլեր իրականացնում, բայց դրանք որևէ ընդհանուր եզր չպետք է ունենան և ընդունելի չպետք է լինեն ՀՀ֊ի նոր իշխանությունների թե՛ բնույթին, թե՛ արժեքներին և թե՛ ժողովրդավարական պետության շահերին։
Սա իսկությունների փորձության պահն է, որի քննությունը պետք է անցնի ՀՀ իշխանությունը և հավատարիմ մնա իր իսկ հռչակած սկզբունքներին։
Հայաստանը տոտալիտար աղբի ուտիլացման տարածք չի», – գրել է իրավապաշտպանը։