Հայաստանում շարունակվում են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի» մասին քննարկումները, որոնք, սակայն, ուղեկցվում են կեղծ թեզերի շահարկումներով և ատելության խոսքով։ Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ կոնվենցիայի (հայտնի է նաև որպես «Ստամբուլյան կոնվենցիա»` այն պատճառով, որ ընդունվել է Ստամբուլ քաղաքում) վերաբերյալ եղել են բազմաթիվ բացատրող ու պարզաբանող հրապարակումներ, այնուամենայնիվ, որոշ քաղաքացիներ և քաղաքական ուժեր շարունակում են դրա շուրջ հանրությանը մոլորեցնող հայտարարություններով հանդես գալ։ Այս մասին ասված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։
«Այսպես, արդեն ամիսներ շարունակ մի խումբ անձինք, չունենալով համապատասխան թույլտվություն քաղաքապետարանից, Ազգային ժողովի դարպասների մոտ և Հյուսիսային պողոտայում իրականացնում են Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ուղղված ակցիա, որի ընթացքում պարբերաբար հնչեցնում են ատելության խոսք։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի մաս են կազմում տասը կազմակերպություններ, հանդես է եկել հայտարարությամբ, որով ահազանգում է տեղի ունեցող անօրինությունների մասին։
«Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին», – մասնավորապես, ասված է Կոալիցիայի հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաև այդ անձանց կողմից երկու ուսանողների նկատմամբ իրականացված բռնության մասին։
Հայաստանը «Ստամբուլյան կոնվենցիային» միացել է 2018 թվականի հունվարին, իսկ ՀՀ նախկին կառավարությունը կոնվենցիան ստորագրելու հավանություն էր տվել դեռ 2017-ի դեկտեմբերի վերջին։
«Ստամբուլյան կոնվենցիայի» համաձայն, պետությունը պետք է պատասխանատու լինի կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և բռնություն կատարողին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ստամբուլյան կոնվենցիայի» շուրջ շրջանառվող կեղծ թեզերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ։