ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ
Հայաստանի փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշյալ պատրվակով, ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել են կատարած հանցագործության կատարումը: