հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Մել Դալուզյանը մեկն է այն մարդկանցից

Մել Դալուզյանը մեկն է այն մարդկանցից

Պետության պաշտպանության կարիքն ունեն Մել Դալուզյանի նման բազմաթիվ քաղաքացիներ
հեղինակ՝ Արթուր Մինասյան
հրապարակվել է lgbtnews.am կայքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում անդրադարձել է հանրահայտ սպորտսմեն Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի շուրջ ստեղծված հերթական աղմուկին։

«Մարդն ունեցել է պրոբլեմ։ Պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ։ ․․․ Այդ պրոբլեմն ունի կոնկրետ բժշկական պարամետրեր։ ․․․ Եվ մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։ Այն մարդը, որի պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է և հնչել է հիմնը, որին դիմավորել ենք, դափնեպսակներ ենք շնորհել, գովել ենք, մրցանակներ ենք տվել, այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին։

Որովհետև այդ պրոբլեմի մասին իմացել են սկզբում թիմակիցները, հետո մարզիչները, հետո սկսել սկսել են այլոք իմանալ, որովհետև թաքցնելու բան չէ, նաև դրսևորումներ են եղել, և նաև վերաբերմունքի պատճառով, հանրության արձագանքի պատճառով, որ բոլորը թարս են նայել նրան, հետևից փսփսացել են, մարդը հասել է ինքնասպանության եզրին։ Հետո հասկացել է, որ միակ ճանապարհը Հայաստանից թողնել֊հեռանալն է։ Հետո հասկացել է, որ․․․ Ասում եմ՝ դա կոնկրետ բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ այդ պրոբլեմը լուծվի ինչ֊որ ձևով։

Չնայած մարդիկ ասում են, որ եթե Աստված իրեն այդպիսին է ստեղծել․․․ Կներեք, բայց մեզանում երեխաներ կան, որ սրտի արատով են ծնվում, օրինակ։ Ասենք՝ Աստված այսպես է ստեղծել, եկեք չբուժե՞նք։ Երեխաներ կան, որ կույր են ծնվում, տեսողության պրոբլեմով։ Թողենք՝ ոնց կան, այդպես էլ մնա՞ն։ ․․․Ես սա («Մել» ֆիլմի դեմ արշավը ֊խմբ․) համարում եմ էժանագին պրոպագանդա, հնարավորինս ամենաէժան հարգով։ Ես սա համարում եմ կոռուպցիոն տաշտակից զրկվածների, լափամանից զրկվածների պրոպագանդա։

․․․ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքի տակ։ Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է։ ․․․ Ես ամոթ եմ համարում, որ մի մարդու պրոբլեմը․․․ Ամոթ եմ համարում, որ մարդուն Հայաստանում այդքան հեշտությամբ ոտքերի տակ են գցում։ Հիմա պատկերացրեք՝ այդ մարդը Հայաստանից փախել է ու էլի փրկություն չունի․ էլի ամեն օր քոռ դանակով մորթում են, հաջորդ օրն առավոտը սկսում են դրանով, ավարտում են դրանով։ Եվ ես գոհ եմ, հպարտ եմ, որ մեր Մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել մասնակցելու այդ ֆիլմի ֆինանսավորմանը։ Կեցցեն նրանք», – ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ նշել է Փաշինյանը։

Ուրախալի է, իհարկե, որ Հայաստանի վարչապետն Ազգային ժողովի բարձր ամբիոնից պաշտպանել է հանրայատ սպորտսմենին։ Այնուամենայնիվ, Մել Դալուզյանը, որ պարտադրված հեռացել է Հայաստանից, գտնվում է Նիդեռլանդներ պետության պաշտպանության ներքո և թերևս Փաշինյանի անձնական պաշտպանության կարիքը չունի։

Փոխարենը Հայաստան պետության պաշտպանության կարիքն ունեն Մել Դալուզյանի նման հարյուրավոր քաղաքացիներ, որոք հենց այս պահին, հենց այսօր գտնվում են ինքնասպանության եզրին, հենց այս պահին, հենց այսօր Հայաստանում առկա իրավական չպաշտպանվածությունից, ատելությունից, խտրականությունից փախնելու ուղիներ են փնտրում՝ այդ թվում անընդհատ հայցելով այս կայքի խմբագրության աջակցությունը։

Փաշինյանն իրավացի է․ առաջադեմ աշխարհը վաղուց գտել է այս խնդիրների լուծումը՝ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում։ Սա մեկ անձի խնդիր չէ, սա միայն Մել Դալուզյանի խնդիրը չէ, սա հայաստանյան ողջ ԼԳԲՏԻ համայնքի խնդիրն է, Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդիրը։ Մել Դալուզյանը մեկն է այն մարդկանցից, որ բախվել է այս պրոբլեմներին և լինելով հանրահայտ՝ բախվել է սուր, ահռելի մասշտաբներով։ Ամեն օր, ամեն ժամ Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքը ավելի փոքր մաշստաբներով՝ տանը, բակում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, փողոցում և այլուր բախվում է նույն այս ատելությանը, խտրականությանը, իրավական անպաշտպանվածությանը։

Այնինչ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ որևէ հանգամանքից, պետության պաշտպանության ներքո պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի՝ պաշտպանելու իր քաղաքացիներին, իր բնակիչներին։ Անկախ այն հանգամանքից՝ բարձրացվե՞լ է այդ քաղաքացիների պատվին պետական դրոշ, թե ոչ։

Եվ եթե Փաշինյանի կառավարությունն իրոք խորապես է գիտակցում իր բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու անհրաժեշտությունը, այլ ոչ թե նախկինում լափամանից օգտվածների էժանագին պրոպագանդային հակադրվելու և իրեն ենթակա նախարարություններից մեկը պաշտպանելու շահերից դրդված է ճառել ԱԺ ամբիոնից, ապա շուտափույթ պետք է ներկայացնի ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված հստակ ռազմավարություն։ Ռազմավարություն, որ կներառի առկա համապատասխան իրավական բացերի լրացում, տրանսգենդեր անձանց առողջապահական խնդիրների կարգավորում, բնակչության լուսավորում և այլն։

Եվ եթե անգամ Փաշինյանի կառավարությունը խորապես չի գիտակցում վերոնշյալը, այլ առաջնորվում է միայն քաղաքական թիմի վարկանիշը լափամանից օգտվածների հարվածներից պաշտպանելու տրամաբանությամբ, այնուամենայնիվ պետք է այս հետհեղափոխական ժամանակահատվածում նկատած լիներ, որ այդ հարվածներից ազատվել հնարավոր է միայն վերոնշյալ խնդիրները լուծելու, ոչ թե դրանք ցրելու միջոցով։

Հ․Գ․ Առողջապահության համաշխարհային կազմակերությունն առողջության հետ կապված խնդիրների միջազգային իր՝ բոլորովին վերջերս հաստատված վերջին դասակարգման մեջ (ICD-11), ի տարբերություն նախորդ դասակարգման, տրանսգենդեր լինելը հանել է հոգեկան և վարքի խանգարումների շարքից՝ այն ներառելով սեռական առողջության հարցերի շարքում։