Home / ԼԳԲՏ+ / Հերթական հաքերային հարձակումից հետո LGBTnews.am-ը չի դադարեցնելու աշխատանքը

Հերթական հաքերային հարձակումից հետո LGBTnews.am-ը չի դադարեցնելու աշխատանքը

LGBTnews.am կայքը հերթական հաքերային հարձակման է ենթարկվել և վերջին մի քանի օրվա ընթացքում հասանելի չէ: Epress.am-ի հետ զրույցում կայքի խմբագիր Արթուր Մինասյանը համոզմունք է հայտնել, որ հարձակման պատճառը կայքի՝ նոյեմբերի 1-ից վերագործարկելու ու նոր թափով աշխատելու մասին հայտարարությունն է:

«Ենթադրում եմ, որ ոմանց հատկապես շատ է նյարդայնացրել հարձակումից մեկ օր առաջ հրապարակված նյութը Հայաստանում նույնասեռ ամուսնությունների սահմանադրական հնարավորությունների մասին: Նյութի հրապարակումից անմիջապես հետո մի քանի սպառնալիքներով նամակներ են ուղարկվել LGBTnews-ի ֆեյսբուքյան էջին ու նաև քոմենթներ են գրվել LGBTnews-ի էջում տարածված մեր նյութերի տակ, որոնք մենք հեռացրել ենք՝ ատելության խոսք պարունակելու հիմքով: Նկատի ունենալով, որ այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հարձակումն է, որի պատճառով կայքը անհասանելի է դառնում ընթերցողին՝ վստահ եմ, որ որոշ շրջանակներ խնդիր են դրել վերացնելու Հայաստանում միակ ԼԳԲՏԻ լրատվամիջոցը, ու խիստ կասկածներ ունեմ, որ այդ շրջանակները մի կողմից մերձիշխանական են, մյուս կողմից սերտորեն համագործակցում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հետ: Դրանք այն նույն մարդիկ են, որ մի քանի ամիս առաջ բացել են հոմոֆոբ մի օնլայն ռեսուրս և փորձում են վիժեցնել Հայաստանում հակախտրական և ընտանեկան բռնության դեմ օրինագծերի ընդունումը», – ասել է Մինասյանը:

Նա ընդգծել է, որ կայքը շուտով կրկին հասանելի կլինի, ծրագրավորողներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ:

«Հետադեմ հաքերներին էլ հայտնում եմ՝ ինչքան հարձակվեք, այդքան կուժեղանանք. չենք դադարեցնելու մեր գործունեությունը երբեք: Թող չերազեն», – ասել է Մինասյանը:

Նշենք, որ 2016-ի ամռանը LGBTnews.am-ի վրա իրականացված հաքերային հարձակումից հետո  էական վնաս էր հասցվել թե՛ կայքի արխիվին, թե՛ տեխնիկական այլ պարամետրերին: Ինչպես ավելի վաղ հայտնել էին կայքի պատասխանատուները, դրանից հետո թվով 11 ծրագրավորող հրաժարվել է աշխատել կայքը վերականգնելու ուղղությամբ: Մասնագետները տարբեր պատրվակներով հրաժարվել են նախնական պայմանավորվածությունից ու աշխատելուց, երբ տեղեկացել են կայքի անվան և ուղղվածության մասին: Այնուամենայնիվ, կայքին հաջողվել էր մասնագետներ գտնել և վերականգնել LGBTnews.am-ի հասանելիությունը և արխիվը, որից հետո այն կրկին հարձակման է ենթարկվել: